Հայերեն

ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ Ռազմաճակատ էր թե՛ ճակատում, թե՛ թիկունքում, թե՛ ճանապարհներին

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ

Հատված Լևոն Հակոբյանի վավերագրական գրքից

Խորհրդային Միության փլուզումից և հանրապետությունների ձեռք բերած անկախությունից հետո՝ Հայաստանի երկաթուղին հայտնվեց նոր կարգավիճակում։ Երկաթուղով Հայաստան եկող բեռները կուտակվել էին հանրապետությունից դուրս, կամ ճանապարհին էին։ Գնացքների մեծ մասը գալիս էր Ադրբեջանի տարածքով՝ մինչև Նախիջևանի Նորաշեն կայարան, որտեղից բեռների ներկրումը հանրապետություն օրվա ամենահրատապ խնդիրն էր դարձել։ Մեքենավարի երբեմնի սովորական, վայրկյանների ճշգրտությամբ ընթացող լրիվ փոխվել էր։ Նորաշենից բեռնված գնացքը Հայաստան հասցնելը համազոր էր ռազմաճակատի գիծը ճեղքելուն և հաղթանակած դուրս գալուն։

Հայաստանում իրադրությունը չափազանց լարված էր։ Ղարաբաղում անցել էին զինված պաշտպանության։ Հաճախակի էին դարձել հայ-ադրբեջանական զինված ընդհարումները սահմանամերձ շրջաններում։ Նախիջևանում դրության տերն էր մինչև ատամները զինված ժողովրդական ճակատը՝ Շահմարդան Ջաֆարովի գլխավորությամբ, որը ներքին իրավիճակը ինչպես ուզենար՝ կարող էր փոխեր: Իրենց վայրագություններին հագուրդ տալու համար նրանք կանգ չէին առնում ոչ մի բանի առջև։ Ադրբեջանցիները անընդհատ անակնկալներ էին հրամցնում հայերին, կրակում էին լոկոմոտիվների վրա, կանգնեցնում էին գնացքը, ծեծում մեքենավարներին ու նրա օգնականին, ստորացնում և վիրավորում էին նրանց մարդկային արժանապատվությունը, հոսանքազրկում էին գիծը, դրսում ժամերով պահում էին սառնամանիքին։ Եվ այսպես օրեր շարունակ։ Եվ ինչպե՞ս սա չհամարել չհայտարարված պատերազմ, իսկ Նորաշեն մեկնող մեքենավարներին՝ ռազմաճակատ մեկնող անզեն զինվորներ։

Դեպոյում ընդհանուր ժողով հրավիրվեց՝ Նորաշենից Հայաստան բեռների ներկրման հարցը քննարկելու համար։ Որոշեցինք գնացքները Նորաշենից բերող մեքենավարների բրիգադ կազմել՝ գործն արագացնելու համար։ Մեքենավարները պահանջեցին, որ գոնե առաջին գնացքները ուղեկցեն վարչության պետի տեղակալները։ Բայց Ղանդիլյանը բացահայտորեն մերժեց պահանջը և հրաժարվեց տեղակալներին ուղարկել նրանց հետ, քանի որ ուղերթերը անապահով էին, և ինքը նրանց կյանքի անվտանգությունը երաշխավորել չէր կարող։ Իսկ գնացքները բերել էր պետք, դրա կարևորությունը մենք լավ էինք հասկանում։

Մեքենավարների քսանյոթ հոգուց բաղկացած կամավորական բրիգադով մեկնեցինք Երասխ՝ Նորաշենից բեռնափոխադրումները կազմակերպելու համար։

Նորաշենից բեռները Հայաստան փոխադրելու կարևորությունը նրանցից ոչ մեկին պետք չէր բացատրել։ Նրանք ինքնակամ, սրտի թելադրանքով զինվորագրվեցին թեև վտանգավոր ու դժվար, բայց անչափ կարևոր գործին։

Հանրապետությունում գործադուլի ալիք էր ծավալվում, իրենց արդարացի պահանջը իշխանություններին հասցնելու համար մարդկանց շատ խմբեր հացադուլ ու նստացույց էին անում, իսկ երկաթուղայինները հաղթահարելով ամեն մի խոչընդոտ, Նորաշենից հաց էին ներկրում Հայաստան։ Երասխավանում, Նախիջևանի սահմանամերձ տարածքում, պատերազմ էր, իսկ մենք գնացքներ էինք բերում Նորաշենից։ Միայն մեզ էր հայտնի, թե ինչ գնով էր դա մեզ հաջողվում։ Այդ ժամանակ մեզնից ռչ-ոք, երբ անցնում էր սահմանը ու գնում դեպի անհայտություն՝ չէր մտածում փառքի, մեծարանքի կամ հերոսանալու մասին... մեր աշխատանքն ինքնին հերոսություն էր...

Իսկ հիմա, երբ ամեն ինչ հետևում է մնացել, չի կարելի լռել նորօրյա իրապատում հեքիաթի, խիզախ հերոսների սխրանքի մասին: Այդ ազնիվ, հայրենիքին և ժողովրդին նվիրված մեքենավարների շնորհիվ 1992 թ. խստաշունչ ձմռանը մեր ժողովուրդը փրկվեց անխուսափելի սովից և ցրտից:

1992 թվականի ցուրտ ձմեռն էր։ Մեր իջևանատեղին Երասխավանի կայարանն էր, աշխատում էինք երեք հերթափոխով։ Մեկ ու կես օր աշխատելուց հետո հանգստանում էինք՝ մինչև մյուս հերթափոխ։ Երևանից գնացքը բերում էին Երասխ, իսկ մենք այն տանում էինք Նորաշեն, այնտեղից՝ բերում բեռնված գնացքը, որը Երևան էին հասցնում Երասխավանում Երևանի ուղեգծում աշխատող մեքենավարները;

Երասխավանում աշխատելու առաջին օրերն էին։ Բրիգադը պատրաստվում էր Նորաշենից գնացքներ բերել։ Որոշում էինք, թե աոաջինը ո՞վ է գնալու։ Ընկերներիս ոգևորելու համար որոշեցի առաջինը ինքս մեկնել։

Առաջին ուղերթը հանգիստ անցավ։ Վերադարձիս ընկերներս ինձ դիմավորեցին տագնապի և ուրախության միախառնված զգացումով, հինգ հազար տոննա բեռ էինք բերել, սա հաղթանակ էր, և մենք շատ ուրախ էինք։ Եվ շարունակվեց մեր անընդմեջ երթը դեպի Նորաշեն ու այնտեղից՝ ետ։ Առաջին ամսում մեքենավարներից ինձ հետ էր աշխատում Սոսը՝ ազգությամբ եզդի, խիզախ ու համարձակ մի տղա։ Աշխատում էինք ամեն օր, հաճախ պատահում էր օրական չորսից-հինգ անգամ մտնում էինք Նորաշեն՝ գնացք բերելու։ Ամեն անգամ մեծ դժվարությամբ էր դա մեզ հաջողվում։ Մի օր էլ մենք հազիվ ազատվեցինք զինված ամբոխի ճիրաններից։ Նորաշենի հրապարակում միտինգ էր։ Դա նշանակում էր, որ գործ ունենք անկառավարելի, գազանացած ամբոխի հետ, որը հավաքվել էր՝ վրեժի թույնով լցված։ Այդպիսի ժամանակ դժվար է որևէ փոխհամաձայնության եզրեր գտնել։ Ուրիշ դեպքում փորձել ենք համոզել նրանց, բացատրել ենք իրավիճակը, դիմել ենք գործի բերումով ծանոթ ադրբեջանցի երկաթուղայինների միջամտությանը, դժվարությամբ, բայց հասել էինք ինչ-որ արդյունքի։ Բայց այսօր այլ էր իրադրությունը...

Իսկ մենք ցորեն պիտի տանեինք Հայաստան։ Խավար գիշեր էր։ Շուրջը ոչինչ չէր երևում։ Բայց ադրբեջանցիները երկու կողմերից մեզ նշանառության տակ էին վերցրել ու անընդմեջ կրակում էին հրազենից։ Կրակոցների առկայծումները շամփրում էին մութը։ Մարել էինք խցիկի լույսերը՝ նստարանից ներքև էինք սահել ու այդպես էինք վարում մեքենան, որպեսզի պաշտպանվենք գնդակներից։ Գնում էինք լուռ՝ մտքերով տարված։

Նորաշենում ընդունեցինք ցորենով բեռնված գնացքը։ Վերադարձին միտինգը դեռ շարունակվում էր ու ավելի բորբոքվում։ Հնչում էին նոր, մոլեռանդ կոչեր, աղաղակում էին, բայց անկարելի էր հասկանալ այդ խառնամբոխի բարբաջանքը։ Զինված ադրբեջանցիների մի խումբ շարժվում էր դեպի մեզ։ Գնացքը կանգնեցրին և մեզ իջեցրին։ Ոչինչ հնարավոր չէր նրանց հասկացնել՝ մեզ չէին լսում։ Ձյունառատ, ցուրտ ձմեռ էր, գետինը սառած էր։ Հրամայեցին հանել կոշիկները, գուլպաները։ Չենթարկվել չէինք կարող, հրացանի փողն ուղղել էին մեզ վրա, եթե չկատարեինք՝ կկրակեին։ Նրանց համար խաղ էր ու բավականություն՝ հայերին կտտանքների ենթարկելը։ Իսկ մեր տանջանքները տեսնելը՝ զվարճություն էր։ Մեզ ստիպեցին ոտաբոբիկ կանգնել սառույցի վրա չորս ժամ քսանհինգ րոպե։ Դրանով էլ չբավարարվեցին, մոտենում էին, թքում մեր երեսին և գոռում՝ «ի՞նչ եք ուզում մեզանից»։ Անհույս էր մեր վիճակը, չգիտեինք, արդյոք կհաջողվեր վերադառնալ, թե՝ ոչ։ Նայում էինք իրար ու լռում։ Վախի նշույլ անգամ կյանքիս համար չէի զգում։ Ես մտածում էի միայն ցորենը տեղ հասցնելու մասին։ Պատրաստ էի դիմանալ, մարդկային առողջ բանականությանն անհարիր, նրանց մոլագար ուղեղից ծնված ամեն դաժանությանը, միայն թե թողնեին ցորենը Երասխ հասցնեի։ Բայց մարդանման բորենիները շարունակում էին տանջել մեզ։ Մեր գլխին խփում էին հրացանով։ Այդ էլ քիչ համարեցին. մերկացրեցին, թողեցին միայն վարտիքով։ Ցուրտը ծակեց անցավ մինչև ոսկորներս։ Պահանջեցին կանգնել մեկ ոտքի վրա՝ չկատարելը մահ էր...

Այդպես կանգնած մնացինք էլի որոշ ժամանակ։ Հետո մի խումբ կանայք էին անցնում։ Երևի իրենց վայել չէր, որ թուրք կանայք օտար տղամարդկանց կիսամերկ տեսնեին։ Զարմանալի էր. այդ պահի նրանց վայրագ բարբարոսությանը անհարիր էր նման նրբազգացությունը և խանդոտ նրբանկատությունը։ Ինչևէ, թուրք կանանց երևալը վերջ տվեց այդ օրվա մեր տառապանքին։

Ամբողջ ճանապարհին ցրտից կափկափում էին մեր ատամները, թվում էր երբեք չենք տաքանալու։ Վերջապես հասանք Երասխ... Եվ առաջին հարցը եղավ, ցորենը բերե՞լ ենք, թե՝ ոչ... Հիմա դժվար է պատկերացնել, որ մեզ ստորացնում էին, իսկ մենք հանդուրժում էինք։ Եվ ցավալին այն է, որ մենք պարտավոր էինք լինել զուսպ, համբերել և չընդհարվել նրանց հետ, չէ որ մեր առջև մի նպատակ կար՝ ամեն գնով բեռները հասցնել հանրապետություն։ Սեղմում էի ատամներս, որ զսպեմ ներսումս բարձրացող զայրույթն ու պոռթկումը։ Ես հազիվ էի պահում մարմինս ցնցող դողը։ Եվ այսպես ամեն անգամ։ Բայց համբերությունն էլ սահման ունի։ Երբեմն ինքնատիրապետումը կորցրած՝ պոռթկում էինք։

Հերթական ուղերթը մեկնեցի մեքենավար Սաշիկ Բադալյանի հետ. Նորաշենում կանգնեցրին մեզ, էլեկտրաքարշը անջատեցին գնացքից և սպառնալից հայտարարեցին, որ մենք ոչ մի տեղ չենք շարժվի։ Եվ պահեցին այսպես, ձմռան խիստ ցրտին, հինգ ժամ՝ երեկոյան 8-ից մինչև առավոտյան հինգը մենք մնացինք էլեկտրականությունն անջատած խցիկում։ Բարեբախտաբար ես տաք մուշտակ էի հագել, և ես ու Սաշիկը այն հերթով հագնում էինք և այդպես տաքանում։ Առավոտյան զայրույթից ու կատաղությունից մեզ տեղ չէինք գտնում։ Է՛լ բավական է, վճռեցի ես, կգնամ կայարան ու կպահանջեմ, որ բաց թողնեն գնացքը։ Սաշիկը չթողեց ինձ մենակ գնալ. «Եթե մեռնելու ենք, միասին մեռնենք», ասաց նա։

Կայարան տանող ճանապարհին հանդիպեցինք մի զինված ադրբեջանցու։ Նա լուցկի խնդրեց, ու ինչ-որ բան ասաց, իսկ մենք չհասկացանք։ Վերջապես հասկացավ, որ հայ ենք և ուր ենք գնում, «գժվել եք, ի՛նչ է,ասաց նա,- ձեզ կսպանեն հիմա»։ Բայց մենք չլսեցինք նրան։ Հասանք կայարան, ներս մտանք, տեսանք սպասասրահը լիքն էր զինված ադրբեջանցիներով։ Հենց որ մեզ տեսան՝ սկսեցին ծաղրել ու վիրավորել։ Բարեբախտաբար ընդհարում չեղավ։ Կայարանում մենք պահանջեցինք կապվել Երևանի հետ, գնացքին միացնել էլեկտրաքարշը և թույլ տալ հետ վերադառնալ։ Այստեղ մեզ անպատասխան թողեցին... Ստիպված կայարանից դուրս եկանք։ Երեք զինված ադրբեջանցի հետևեցին մեզ։ Ես սկսեցի նրանց բացատրել, որ մենք մեքենավարներ ենք, չենք եկել զենքով կռվելու, իրենց ոչ մի վնաս չենք հասցնում, եկել ենք գնացքը տեղափոխելու: Նրանցից մեկը կարծես հասկացավ, իսկ մյուսը բորբոքվեց, ասելով, թե մի շաբաթ առաջ սպանել են եղբորը, նրա վրեժը նա ինձնից կհանի՝ կսպանի ու կրծքիս խաչ կդաջի... Ես աներկյուղ բացեցի կուրծքս և ասացի՝ դե, խփի՛ր։ Այդ տեսնելով՝ նա սթափվեց և մի փոքր մեղմացավ։ Կարծես կրակին սառը ջուր լցրեցին։

Արդեն լուսանում էր։ Երևանից անհանգստացած զանգահարել էին Նորաշեն, հետաքրքրվել մեզանով։ Միաժամանակ սպառնացել էին, որ եթե մեզ բաց չթողնեն, և կարճ ժամանակում գնացքը Երասխ չմտնի, ապա փոխարենը նրանց գնացքը կպահեն Մեղրիում։ Ի դեպ, դա գործին օգնում էր, և այս անգամ էլ այս սպառնալիքը իր գործը կատարեց։ Շուտով էլեկտրաքարշը միացրեցին գնացքին, և մենք շարժվեցինք՝ հերթական ցորենը հասցնելով Հայաստան։

Նման միջադեպեր լինում էին բոլոր ուղերթների ժամանակ, բոլոր մեքենավարների հետ։ Հյուրընկալության ադրբեջանական այս ձևը քաղաքակիրթ մարդկությանը անծանոթ է և անհասկանալի։ Սա «գերմարդկային» դրսևորում է։

Հաճախ էր պատահում, որ Նորաշենից մեզ զանգահարում էին, թե գնացք ունեք։ Մեքենավարները տեղ էին հասնում, բայց գնացք չէր լինում։ Գնացքը դարձել էր մեքենավարներին իրենց ցանցը գցելու պատրվակ։ Մեր էլեկտրաքարշի հասնելուն պես՝ նրանք հոսանքն անջատում էին ու ժամերով թողնում մեքենան կանգնած։ Էլեկտրաքարշի ցուրտ խցիկում սառած, կծկված մեքենավարները սպասում էին այնքան ժամանակ, մինչև նրանք բարեհաճեին բաց թողնել։ Իսկ նրանք չէին շտապում։ Ամբոխը գալիս հավաքվում էր էլեկտրաքարշի շուրջը։ Շատերը ոտքից գլուխ զինված էին։ Ատելությունից ու կատաղությունից ատամները կրճտացնելով՝ թունոտ հայացքով շանթահարում էին ու հայհոյում մեքենավարներին։ Հավաքվածների միջից առավել գազազածները բարձրանում էին էլեկտրաքարշի վրա և ծեծում մեքենավարներին։ Այդ գազանացած ամբոխը ո՛չ հրամանի էր ենթարկվում, ո՛չ էլ հորդորի։ Անկառավարելի իրավիճակ էր։ Նորաշենի և կայարանի ղեկավարությունը անկարող էր, կամ, պարզապես, չէր ցանկանում միջամտել, ամեն ինչ որոշում էր ամբոխը։ Կամքի ուժ, զսպվածություն ու աչալրջություն էր պահանջվում մեքենավարներից։

Գիշերային ուղերթի ժամանակ հաճախ մեքենավարները խցիկում լույս չէին վառում, որպեսզի չնկատվեն և նշանառության թիրախ չդառնան։ Իսկ երկաթգծի աջ ու ձախ կողմից դարանակալ զինյալները կրակում էին շարժվող գնացքի վրա՝ ինչպես ռազմադաշտում։ Զրահագնացք էր պետք ապահովության համար։

Մի՞թե պատերազմ չէր սա...

Նորաշենյան փոխադրումների կամավորական խմբի մեքենավար Սոս Շամոյանը՝ խիզախ, համարձակ և պատվախնդիր այդ եզդի եբիտասարդը, պարտքը կատարելիս երբեք չէր խուսափում դժվարություններից, ակնհայտ վտանգից և փորձանքից։ Այլազգի լինելը նրան հեռու չպահեց փորձություններով լի ուղերթներից, ու թեև կրած տանջանքների պատճառով զգալիորեն խախտվել էր առողջությունը, սակայն Սոսը երբեք չզղջաց արածի համար։ Ընդհակառակը, նա միշտ շեշտում էր, որ եթե այն ծանր ժամանակներում անգնահատելի բեռները իրենք չբերեին Հայաստան՝ ինքն իրեն երբեք չէր ների։ Մեր երեխաներն էլ մեզ չէին ների՝ նրանց հաց ու ջերմությունից զրկելու համար։

Ի դեպ, 1992 թ. պատրաստ էին Սոսի՝ Մոսկվա գործուղման փաստաթղթերը։ Տանեցիները ուրախ էին մեկնելու համար, իսկ ինքն անհանգիստ էր, չէր ուզում գնալ։ Գիշերն այդպես անհանգիստ անցկացնելուց հետո, առավոտյան եկավ դեպո՝ հայտարարելով, որ ինքը ոչ մի տեղ չի գնա, քանի որ իր գործն այստեղ է, իր ընկերների կողքին։ Սաֆարյանը կատակով, թե լուրջ՝ ասաց, որ Սոսը ժամը 10-ին ներկայանա էլեկտրաքարշն ընդունելու. Նորաշեն պիտի գնա։ Առանց ուշանալու, նշված ժամին Սոսը ներկայացավ։ Նրան չվրդովեց և հետ չպահեց Մարտունի զգուշացումը, թե իրեն են ուղարկում Նորաշեն։ Նրան իր որոշումից ետ չպահեցին նաև Երասխավանի կայարանապետի պատմած մանրամասները՝ Նորաշենում հայ մեքենավարների հանդեպ ադրբեջանցիների բռնությունների մասին:

Այդ օրերին բոլորը չէ, որ կարողանամ էին դիմակայել դժվարություններին։ Հանրապետությունից մեծ թվով մարդիկ էին դիմում տարագրության։ Այդ ընդհանուր պատկերի վրա Սոսի Մոսկվա մեկնելուց հրաժարվելը՝ Հայաստանի ու հայ ժալովրդի հանդեպ եզդիների ցուցաբերած եղբայրական նվիրվածությունն էր։ Տարիներ շարունակ աշխատելով հայերի հետ կողք կողքի՝ դժվարին պահին նա չկարողացավ լքել ընկերներին։ Խիղճն անհանգիստ էր, չէր ուզում գնալ։ Իր կողմից դավաճանություն էր համարում դժվարության մեջ ընկերներին թողնել հեռանալր:

Նորաշեն գնացող ոչ մի ուղերթ առանց տհաճ միջադեպի չէր անցնում։ Դե պարզ է, Սոսի ճակատն էլ չհամբուրեցին։ Բարձրացել էին խցիկ, մի լավ ծեծել։ Չեն խնայել հա՞յ է, թե՞ եզդի, նրանց համար միևնույն էր, չէ որ բեռները Հայաստան էին տարվում։ Այդ պահին միջամտել էր Նորաշենի կայարանապետի տեղակալ Մեյմանը, և այդ օրը Սոսին այլևս ձեռք չէին տվել։ Ադրբեջանցի խառնամբոխը չէր հաշտվում այն մտքի հետ, որ եզդին սատար է կանգնում հայերին, նրանց մգլած ուղեղում չէր տեղավորվում հայերին օգնելու միտքը։ Պատահել է, որ նրան էլեկտրաքարշից իջեցրել, մի կողմ են տարել և ցասկոտ համոզել, թե, չէ որ նա եզդի է, ինչո՞ւ է հայերի համար հաց տանում, թող սովից մեռնեն։ Իսկ Սոսը համառ էր, թուրքերը չէ, որ պետք է որոշեին նրա անելիքը։ Նրան չէին վախեցնում ո՛չ սպառնալիքներն ու ծեծը, ո՛չ դանակահարությունն ու կրակոցները։ Նա ամբողջ հոգով նվիրվել էր գործին։ Նրա համարձակությունը վարակում էր մյուս մեքենավարներին և ոգեշնչում էր նրանց, և նրանք ջանում էին միմյանցից ետ չմնալ։

Մի օր Նորաշենից գալիս՝ Սոսը Վելիդաղում հանդիպում է Մարտուն Սահակյանին, որը Նորաշեն էր մեկնում։ Մարտունը հայտնում է, որ Վելիդաղում ամբոխ է հավաքվել, իսկ մեքենավարները լավ գիտեին, թե դա ինչով է հղի։ Եթե հավաքվում էր զինված ամբոխը՝ վտանգն անխուսափելի էր։ Մարտունը թողնում է իր գնացքը և նստում Սոսի՝ հետ վերադարձող գնացքը։ Կարճ ժամանակ հետո կրակոցների տարափ է սկսվում նրանց վրա, սակայն գնացքը չի դադարեցնում իր ընթացքը։ Սոսն ու Մարտունը անմիջապես պառկում են՝ խուսափելով ուղիղ նշանառությամբ կրակոցին զոհ դառնալուց։ Կրակոցները շարունակվում են գրեթե մինչև սահմանը։ Սոսին այս անգամ էլ է հաջողվում Մարտունի հետ անվնաս դուրս գալ փորձանքից և հասնել Երասխ։ Այդ օրը Մարտունի գնացքը մնում է Վելիդաղում։

Նորաշենի վտանգավոր երթուղին մեքենավարների աշխատանքային առօրյան էր, և նրանք, մի տեսակ, սովորել էին դրան, իսկ Սոսն առավել ևս։

Նորաշենից եկողին ուղղված առաջին հարցն էր. «Բերեցի՞ր», իսկ Երասխավանում գտնվող մեքենավարին՝ «բերելո՞ւ ես»։ Այս անգամ էլ, երբ Երևանից եկած գնացքի մեքենավարը հարցրեց. եզդի, այսօր բերելո՞ւ ես գնացք. Սոսը մի բաժակ օղի խմեց, քաջության համար, ու վեր կացավ, հերթապահին պատվիրելով սլաքներն ուղղել Նորաշեն գնալու։ Մեկնելուց առաջ մի բաժակ օղի խմելն այսպես էր նա մեկնաբանում. «Ծնողներս են խորհուրդ տվել ուղերթից առաջ օղի խմել, որպեսզի վախից և հուզմունքից արյանս մեջ շաքարի տոկոսը չբարձրանա»։ Մարտունը նեղացավ, որ Սոսն առանց իրեն է ուզում գնալ, և բարձրացավ գնացք։ Նրանք միասին մեկնեցին։ Վելիդաղում Սոսը, պայմանավորվածության համաձայն, արագ ու ադրբեջանցիներից աննկատ, իջավ իր գնացքից ու մտավ նախորդ օրը Մարտունի թողած գնացքը։ Բավականին ճարպիկ պետք է լիներ որ, զինյալների խուզարկու հայացքից խուսափելով, կարողանար փոխել գնացքը։ Երթերի մեջ թրծվել էր արդեն, կարողացավ հարմար պահը գտնել։ Իսկ Մարտունը Սոսի գնացքով շարունակեց ճանապարհը մինչև Նորաշեն։ Դեռ Մարտունի գնացքը չէր հասցրել անհետանալ, երբ երեք հոգի բարձրանում են Սոսի մոտ՝ պարզելու, թե նա որտեղ է եղել մինչև հիմա։ Վերջինս պատասխանում է, թե այդտեղ է եղել։ Բայց թուրքերը, որ գիտեին գնացքի հետ կապված միջադեպը, չեն հավատում Սոսին և սկսում են դաժանորեն ծեծել։ Այդպես ծեծելով, գլխին հարվածելով, Վելիդաղից հասնում են Նորաշեն։ Նույն ճակատագրին էլ Մարտունն էր արժանացել։ Նրան անգթորեն ծեծել էին, երեսն արյունլվա արել։ Մարտունը քեռու տղայի մահվան առիթով սուգ էր պահում ու սափրված չէր։ Թուրքերը քաշքշել էին մորուքից, ասելով, թե նա ֆիդայի է և հենց դրա համար պիտի նրան ծեծեն։ Նրանց մոլեգնությունից Սոսին էլ է բաժին ընկնում։ Անխնա խփում են՝ ինչով պատահի՝ քացով, բռունցքով, հրացանով։ Երբ ժողովրդական ճակատի ղեկավար Շահմարդանը իմանում է, թե նրանցից ով է Շամոյանը, ծեծն ու գանահարությունն ավելի են սաստկացնում։ Սոսին ծեծում են մինչև նրա ուշագնաց լինելը։ Երբ ուշքի է գալիս, վերքերից եկող արյունը չորացած է լինում։ Թե որքան ժամանակ է նա ուշագնաց ընկած մնացել՝ չի հիշում։ Անզեն ու անմեղ մեքենավարները դառնում են ադրբեջանցիների հերթական խելահեղ մոլուցքի զոհը։ Այս ամենին ականատես էին Նախիջևանում խորհրդային բանակի զինվորները։ Ավելին, այս բոլորը կատարվում էր գնացքն ուղեկցող ռուս զինվորների աչքի առաջ, որոնք հայ մեքենավարներին ոչնչով օգնել չէին կարող, պարզապես ի զորու չէին միջամտել և սանձահարել գազազած ամբոխը։ Զենք գործադրելը վտանգավոր էր, և զինվորները այն պահում էին, որպեսզի ադրբեջանցիները չխլեն։ Վիրավոր ու ծեծված մեքենավարների ծանր վիճակը ստիպում է զինվորներին դիմել այս ու այնտեղ և մի կերպ փրկել նրանց։ Մեր տղաների մեկնելուց առաջ Շահմարդանը սպառնում է Սոսին ասելով՝ եթե նա մեկ էլ Նորաշեն մտնի, ինքը նրա ոտքերը կկոտրի։

Նման զգուշացումից հետո մեքենավարն իրեն հաշիվ էր տալիս և խուսափում հաջորդ անգամ գնալուց։ Իսկ Սոսը անդրդվելի էր։ Մեկ օր անց նա նորից մտավ Նորաշեն։ Ամեն անգամ նրա Նորաշեն մտնելը զայրույթի նոր պոռթկում էր առաջացնում ադրբեջանցիների մոտ. նրանք չէին հանդուրժում հակառակորդի իրենց պահանջին չենթարկվելը։

Մեքենավարների անընդմեջ բեռնափոխադրումներն ապացուցեցին, որ նրանք գործում աննահանջ են և պարտություն չեն ընդունում։ Ոգու իսկական հաղթանակ էր դա։

Հենց որ Սոսը Նորաշեն է հասնում՝ ադրբեջանցիներն, ասես, նրան էին սպասում։ Ուժով իջեցնում են էլեկտրաքարշից ու տանում մի տնակ, որը խանութ էր։ Չորս-հինգ զինվոր շրջապատում են նրան և սպառնալից հարցնում, թե ինչու է նորից եկել, չէ որ նրան զգուշացրել են այլևս չգալ։ Սոսն անվարան պատասխանում է. «Եթե իմանամ, որ իմ չգալը օգուտ է ձեզ, չեմ գա, բայց ես իմ գործն եմ անում և ոչ ոքի չեմ խանգարում»։ Դա կատաղեցնում է նրանց։ Ժողովրդական ճակատի զինվորները սպառնում են, թե կկախեն նրան, ապա ծեծում են և գցում ցեխաջրերի մեջ: Սոսը դժվարությամբ հասնում է գնացքին ու բարձրանում խցիկը։ Հետո մի քանի ադրբեջանցիների հետ այդ զինվորները մոտենում են գնացքին, Սոսից պահանջում են սուլել որևէ մեղեդի։ Թե որտեղից էին իմացել նրա այդ շնորհքի մասին՝ հայտնի չէր։ Սոսը սկզբում հապաղում է՝ փորձելով գուշակել հետևանքը։ Օգնականը թաքուն հասկացնում է, որ Սոսը սուլի, որպեսզի թողնեն նրանց վերադառնալ։ Եվ նա սկսում է սուլել՝ մի պահ կտրվելով այն դառն իրականությունից, որի մեջ հայտնվել էր ինքը։ Հոգեզմայլ մեղեդին երանությամբ է լցնում ու ջերմացնում չարությամբ թանձրացած բիրտ մթնոլորտը։ Իսկ Սոսը հիանալի էր սուլում։ Նրա քաղցրալուր սուլոցը հմայում է բոլորին՝ թափանցելով նրանց հոգու գաղտնարանները, արթնացնում է նրանց մեջ մարդկային սովորական զգացմունքը, որոնք նրանց հոգին և ուղեղը անկարող էին այլևս ընկալել և վերարտադրել դաժանության ամենօրյա քարոզների ներգործությունից։ Բարեհոգության արթնացման այդ պահին Նորաշենի կայարանի հերթապահը բերում է 4500 տոննա ցորենի տեղափոխման անհրաժեշտ փաստաթղթերը, և տղաները վերջապես շարժվում են։ Ուրախություն էր նման բեռով Հայաստան մտնելը։ Բայց զինված խառնամբոխը նոր անակնկալներ էր պատրաստել, հարյուր, հարյուր հիսուն հոգի լցվում են երկաթգծերի մեջ և պատնեշ կազմում։ Ումի՞ց էին պաշտպանվում, երկու անզեն մեքենավարների՞ց, թե՞ փորձում էին կանգնեցնել թանկարժեք բեռով Հայաստան մեկնող գնացքի ընթացքը։ Սակայն ապարդյուն։ Մեծ արագությամբ ընթացող գնացքը ցրիվ է տալիս այս սարսափած խուժանին։ Բարեբախտաբար, էլեկտրաքարշի թեթև վնասվածքը չի խանգարում ընթացքին։

Այս անգամ էլ հացը անվնաս հասցվում է Հայաստան։ Եվ ի՜նչ գնով... Իսկ օգնականը, որին Ղանդիլյանն էր ուղարկել, այլևս երթուղի դուրս չեկավ։ Ինչպես ասում են՝ ահը, ոմանց համար, մահից վեր է։

Այդ դժնդակ օրերին եղան նաև գերության դեպքեր, իսկ նա, ով երբևէ գերի է եղել թուրքերին, միայն նա կհասկանա, թե ինչի է ընդունակ մարդկային նկարագիրը կորցրած ենիչերին։

/շարունակելի/

ԷԿՈ ՆՈՄԻԿԱ, պարբերական, թիվ 44, 2023
Made on
Tilda