ԷԿՈՆՈՄԻԿԱ պարբերականի երկու թողարկումները նվիրել ենք Արցախյան շարժման 35-ամյակին, և դրան հաջորդած անկախության տարիների դժվար ընթացքի վավերապատմությանը: Պատմության, հասարակագիտության, գրականության առարկաները դասավանդող ուսուցիչների, լրագրության մեջ լուրջ մասնագիտական առաջընթաց ակնկալող երիտասարդների, ինչպես նաև դեռևս ուսանողների, այդ տարիների մասին ոլորտային մանրամասներով հետաքրքրվող ցանկացած մեկի համար հավաքվել է շուրջ երեք հարյուր ամսագրային էջ վավերապատում, հավելյալ կարևոր բովանդակություն նույնպես: Ահա և ընթերցողական այսօրվան ու ապագային է հանձնվել հնարավորինս ճշգրիտ պատմություն, որոնք ներկայացված են բացառապես ականատեսների, մասնակիցների, դրանց իրականացմանը մասնակից գործիչների վկայություններով:
Վկայում են, պատմում են նրանք, ովքեր անմիջականորեն առնչվել են առանձնահատուկ կարևորության իրադարձությունների: Պատմությունն այս կերպ ներկայանալով՝ իրականությունը վերականգնելու պատկերավորությունն ունի, ինչպես նաև մոռացությունից փրկվում են կարևոր մանրամասներ:
ԻՆՉՊԵՍ ՓԱԿՎԵՑ և ԲԱՑՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ
Գործընկերոջս՝ Հովսեփ Պողոսյանի հետ զրուցել ենք Հայաստանի Հանրապետության համար մեծագույն դժվարություններ ստեղծած հանրածանոթ այս իրադարձության անմիջական մասնակցի հետ:
Էդուարդ Արզումանյանը էներգետիկայի ոլորտում բարձր պաշտոններ է զբաղեցրել դեռևս խորհրդային տարիներին: Աշխատել է Հայաստանի ջերմաէլեկտրակայաններում, 1985-ին ՀՀ պետպլանի էներգետիկայի և վառելիքի վարչության պետ է նշանակվել: Անկախության հռչակումից հետո կարճ ժամանակ պաշտոնավորել է որպես ՀՀ էներգետիկայի փոխնախարար: Կենսագրության հետագա տարիները սերտորեն առնչվել են ատոմային էներգետիկային, Ռոսատոմի գործուղմամբ մասնակցել է Իրանում և Չինաստանում ատոմակայանների կառուցմանը:
Էսուարդ Արզումանյանի հետ զրույցից ներկայացվող հատվածը Հայաստանի ատոմակայանին վերաբերող հույժ կարևոր մի գործողության մասին է, թե ինչպես վերաբացվեց չհիմնավորված անհանգստության պատճառով փակված հայկական ատոմակայանը: Մի գործողություն, որը և փակման, և բացման իրողությամբ աննախադեպ էր: Բնապահպանների ճնշման ներքո շտապողաբար փակվելու և երկիրը էներգետիկ ճգնաժամի ճիրաններից փրկելու, նոր իրավիճակային պայմաններում այն վերաբացելու մասնագիտական գերազանց աշխատանքի աննախադեպ օրինակ: Անկախություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետությունը հարևանների կողմից շրջափակման ենթարկված լինելու պայմաններում ատոմակայանի շնորհիվ կարող էր կենսագործունությունը շարունակել բավարար էներգետիկ հնարավորությունների շնորհիվ, և երախտապարտ լինել հայ ղեկավարների և մոսկովյան հայորդիների հեռատես քաղաքականությանը: Ատոմակայանը կայունության բացառիկ երաշխավոր էր լինելու տնտեսությունն արագորեն վերականգնելու, անկումը շտկելու, նորարար ոլորտները զարգացնելու, առաջադիմելու համար: Տնտեսությունը քայքայելու նպատակադրումով թշնամացած հարևանների կողմից երկիրը շրջափակելը, դեպի հարավ և արմուտք ելումուտը արգելափակելը, միջազգային տարանցիկի բացառիկ հնարավորություններով հաղորդակցության ուղիների շահագործումից նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը միակողմանի զրկելը աշխարհը կանխել ու վերացնել չկարողացավ անցած բոլոր երեսուն և ավելի տարիներին:
Հայաստանի Հանրապետության բոլոր կարևորագույն տնտեսական գործոնները թիրախավորվեցին, անվանվեցին «հրեշներ», և արցախյան շարժման եռուն միջավայրում նպաստավոր գործողությունների շարժում ուղղորդեցին դեպի միութենական, նույնիսկ միջազգային առումով կարևորություն ունեցող արդյունաբերական ձեռնարկություններ: Այսօր նրանք բոլորը ավերակներ են:
Իսկ մեզ արգելափակող հարևանները համարյա թե զրոյական մեկնակետից խոյացրին իրենց համարժեքները, միացան համաշխարհային տնտեսական առաջատար միջավայրին: Ինչպե՞ս կարողացան մեզ ստիպել հրաժարվել անկախությունը ձեռք բերելու մեծագույն շանսն ունեցող զարգացած տնտեսությամբ մեկնակետից և գլորվել զրոյից ցածր կորուստ: Ահա օրինակներից մեկը՝ ատոմակայանը հրեշ հայտարարելու միջոցով մեզ սարսափահար անելով:
Հայկականատոմակայանիոդիսականը
ԷդուարդԱրզումանյան-1991-ին նշանակվել էի ՀՀ էներգետիկայի փոխնախարար, եղբայրս՝ Վիլեն Արզումանյանը, 88-ին վերադարձել էր Բուլղարիայի ատոմակայանի շինարարությունից և արդեն ՀՀ կառավարության պետվերահսկողությունում ատոմային բաժնի ղեկավարն էր: Դեկտեմբերի 7-ի երկրաշարժից մի քանի օր անց նա եկավ ինձ մոտ և ասաց, որ ղեկավարությանը փոխանցեմ, որ գիտնականները հաշվել են, որ սեյսմիկ գոտում երկրաշարժը տասը բալ է, իսկ ատոմակայանը հաշված է ութ բալի, եթե դա այդպես է, պետք է անհապաղ կանգնեցնել ատոմակայանը: Գիտնականների եզրակացությունը կամ հերքեք, եթե ոչ՝ պահանջում եմ, 24 ժամվա ընթացքում անմիջապես կանգնեցնել ատոմակայանը: Նամակը տարա Բադալ Մուրադյանի մոտ, նա Պետպլանի նախագահի տեղակալն էր և էներգետիկայի ու արդյունաբերության համակարգողն էր: Նա շատ տագնապեց, գնաց կառավարություն, մենք սպասեցինք իր վերադարձին: Այդ օրերին Երևանում էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, կանչում են բոլոր մասնագետներին, քննարկում, Ռիժկովը որոշում է հարցը քննարկել նաև Մոսկվայում, երեսունմեկ հոգի են մասնակցում նիստին, քսանյոթը կողմ են քվեարկում, չորսը գրում են՝ անհապաղ կանգնեցնել: Հունվարի վեցին նիստ է արվում Ռիժկովի ղեկավարությամբ, որոշում են ընդունում, որ 1989-ի առաջին եռամսյակում Հայաստանի ատոմակայանը պետք է դադարեցնի աշխատանքը, որովհետև ըստ այդ գիտնականների ներկայացրած նոր տվյալների՝ սեյսմիկ վիճակը վտանգավոր է նրա աշխատանքի համար: Հունվարի 25-ին կանգնեցվում է մի բլոկը, մարտի 18-ին՝ մյուսը: Որոշումն ընդունելուց հետո պատրաստել էինք կառավարության որոշում, թե ինչ առաջնահերթ քայլեր պիտի արվեն ատոմակայանը կանգնեցնելու ընթացքում և հետո ինչ պիտի արվի:
Մենք էլեկտրակայաններում գազի պաշարներ ունեինք, բոլոր պաշարները մինչև 92-ի ամառը կվերջանային, և ճգնաժամ կունենայինք, ատոմակայանը կանգնած է, միայն հիդրոէլեկտրակայանների հույսին կմնայինք, դրա համար էլ պիտի Սևանից ջրառը ավելացնեինք: Բոլորի համար էլ պարզ դարձավ, որ մեր փրկությունը ատոմակայանն էր, ինչքան հնարավոր է շուտ պետք էր այն վերագործարկել: Որոշեցին գիտատեխնիկական խորհուրդ ստեղծել, և ստանալ նրանց եզրակացությունը: Այն ստեղծվեց, մոտ քսան հոգի ներգրավվեցին, Չիթեչյանը նշանակվեց խորհրդի նախագահ, ես տեղակալն էի: Խորհուրդը մի քանի նիստ ունեցավ, 1992-ի մարտի նիստում որոշվեց, որ սպասվող էներգետիկ ճգնաժամից միակ փրկությունը կլինի ատոմակայանի վերագործարկումը:
Գիտատեխնիկական խորհուրդը ստորագրում է, համապատասխան վիզաները դրվում են, և Տեր-Պետրոսյանին ենք հանձնում փաստաթղթերը, իսկ նա մի քանի ամիս պահում է իր մոտ, հետո կանչում է, ասում է՝ համաձայնությունս տալիս եմ, բայց, ինձ է ցույց տալիս, որ ես գնամ բնապահպանների հետ խոսեմ: Ես երկու-երեք անգամ բնապահպաններին տարել եմ ատոմակայան, ինչ հարց տվել են, պատասխանել եմ, այնքան ձգձգեցին, որ արդեն ձմռանն սկսվեցին մութ ու ցուրտ ժամանակները, և միայն որոշումն ընդունելուց մեկ տարի անց՝ 1993-ի մարտի 18-ին Գերագույն խորհրդի նիստում քննարկվեց հարցը, Տեր-Պետրոսյանը զեկուցեց, ես էի պատրաստել տեքստը, ասվեց, որ ճգնաժամի հաղթահարման միակ ելքը դա է, պետք է վերագործարկել ատոմակայանը: Հինգ բնապահպան պատգամավոր կար, չորսը ձեռնպահ քվեարկեցին, միայն Ստամբոլցյանը դեմ քվեարկեց:
* 1993-ի մարտի 18-ին ընդունվեց Գերագույն խորհրդի որոշումը, ապրիլի 14-ին կառավարության նիստում ընդունվեցին այն առաջնահերթ անելիքները, որոնք պիտի իրականացվեին վերագործարկման համար:
Իննսուներեքի մարտ -ապրիլից սկսվում են վերագործարկման նախապատրաստական աշխատանքները, բավական մեծ ծրագիր ստեղծվեց, լուրջ ֆինանսներ արժեցող, մայիսին նոր տնօրեն նշանակվեց Սուրեն Ազատյանը, նրա ղեկավարությամբ, կառավարության կողմից հաստատված ծրագրով, հատուկ ֆինանսավորմամբ սկսվեց աշխատանքը, այդ ժամանակ ես արդեն Մոսկվայում էի, ես էլ այնտեղ էի մասնակցում այդ գործին: Ռոսատոմի աշխատողները, մոտ երկու հարյուր հոգի, միշտ Հայաստանում էին, ՄԱԳԱՏԵ-ի պատմության մեջ առաջին անգամ պետք է վերագործարկվեր աշխատանքը դադարեցրած ատոմակայանը, ինչը կատարվեց շատ բարձր մակարդակով:
Ատոմակայանի աշխատանքները կանգնեցնելը բավական լուրջ նոր խնդիրներ էր առաջացրել, որոնց լուծում տալը ստեղծված նոր իրավիճակում ահռելի բարդությունների հետ էր կապված:
Այսպես, համաձայն գրաֆիկի, 1995-ին պիտի լիցքավորման նոր կասետները բերեինք: Առաջ երկաթգծի հատուկ վագոններով էինք դրանք բերում, իսկ այդ ժամանակ արդեն չունեինք այդ հնարավորությունը, Ռուսաստանին կապող երկաթուղին չէր գործում: Ինչպես էր դա արվում՝ Սիբիրից ուրանը բերում էին և Մոսկվայի մերձակա «Էլեկտրոստալ» գործարանում տեղադրում կասետներում: Անհնարին խնդիր էր դարձել, Մոսկվայում նստած մտածում էինք, թե այդ կասետները ո՞նց բերենք Հայաստան: «Էլեկտրոստալ» գործարանի մոտ ռազմական օդանավակայան կար, երկաթից պանելներով հարթակներ սարքեցին, որոնցում քառասունվեց կասետ տեղավորվեց: Վեց թռիչք արեցինք, երեք հոգի ռադիոակտիվությունը չափող սարքը ձեռքներին անընդհատ հետևում էին ռադիացիայի մակարդակին:
Փետրվարի իննին առաջին թռիչքն էր, այդ երեք հոգին նստել, մեջքները դեմ են տվել կասետներին ու հաց են ուտում: Ինձ էլ հրավիրեցին, նստեցի, մեկ էլ օդաչուները կանչեցին, ասացին՝ մի քանի րոպեից Վրաստանի տարածք ենք մտնում, հարցնելու են, թե ինչ ենք տեղափոխում, ի՞նչ ասենք: Նախորդ օրը ես Չիթեչյանին խնդրել էի, որ նրանց կառավարությանը տեղյակ պահեն, այդ հարցը պաշտոնապես կարգավորեն, որպեսզի մենք խնդիր չունենանք, հասկացա, որ չեն արել: Նրանք այդ ժամանակ Ռուսաստանի հետ վատ էին, իսկ օդանավն էլ ռուսական ռազմական ինքնաթիռ էր, իհարկե պետք է անհանգստանային: Մեզ համար անակնկալ կերպով՝ շատ դժվար իրավիճակում հայտնվեցինք: Վերադառնալ էլ չենք կարող, վառելիքը չի բավականացնի: Հիմա վրացիները ներքևից աղմկում են, ասում են՝ կկրակենք, մենք էլ չգիտենք ինչ անենք: Օդաչուն ասաց, որ յոթ րոպե ենք անցնելու Վրաստանի օդային տարածքով, միկրոֆոնը տվեց ինձ, որ զբաղեցնեմ նրանց, ինքը արագացնի, անցնենք: Միկրոֆոնը վերցրել եմ, ասում եմ՝ էներգետիկներ ենք, Երևանի ջէկի համար տրանսֆորմատորներ, գեներատորներ ենք տանում, մի քանի անգամ կրկնում էի, թե լավ չի լսվում, և այլն, մինչև որ յոթ րոպեն անցնի, մտնենք մեր օդային տարածք: Եթե իմանային, որ ատոմակայանի համար է, եթե դա մեզնից իմանային, ոչ թե պաշտոնական բարձր աղբյուրներից, կարող է թույլ չտային, Մինչ ես ինչ որ կերպ ձգձգում էի, նրանք ներքևից սպառնում էին, թե՝ եթե չասես, թե ինչ եք տեղափոխում, կամ կրակելու ենք, կամ կործանիչները օդ ենք հանում ձեզ իջեցնեն: Իննսունհինգ թիվն էր, ես հիսունհինգ տարեկան էի, երբ տուն եկա, կինս ասաց, որ մազերս ճերմակել են:
Փետրվարի 9-ին առաջինը բերեցինք, հետո էլի հինգ չվերթ արեցինք, ամբողջ ռեակտորի մեջ բոլոր կասետները փոխվեցին, բայց արդեն կառավարությունից գնացել էին Վրաստան, առաջին դեմքերի հետ էին հանդիպել, խոսել, համոզել էին, որ թույլտվությունն ստացել էինք: Հիմա տարեկան մեկ անգամ ենք բերում:
Մենք փետրվարի 9-ին բերեցինք, երկու ամսում վեց չվերթ արեցինք, օգոստոսին փորձարկեցին, նոյեմբերի 5-ին գործարկվեց երկրորդ բլոկը: Մոսկվայից Ռոսատոմից պատվիրակություն եկավ, հանդիսավոր նիստ եղավ, ճառեր, ճաշկերույթ: Հաջորդ օրը նույն ինքնաթիռով վերադարձանք Մոսկվա:
Առաջին բլոկը չստացվեց վերականգնել, կանգնած հինգ տարիների ժամանակ ինչ որ բաներ հնացել էին, դեմոնտաժ էին արել, երկրորդն էլ իր նախկին հզորությամբ չկարողացավ աշխատել, հովացնող ջրի քանակությունը չէր բավականացնում, որ 412 մեգավատտը վերցնի, նա կարողացավ աշխատել 385 մեգավատտ հզորությամբ: Գործարկելուց մի քսան-քսանհինգ օր անց հաջողվեց վերականգնել գազամուղը և Վրաստանից որոշ քանակության գազ ներմուծել, և այդ ձմեռ վերջապես հաջողվեց տաք ու լուսավոր երեկոներ ունենալ:
Մինչ այդ մենք ստիպված էինք հէկ-երի վրա հույս դնել, Սևանից ջրառն էր ավելացել, ինչը վտանգավոր էր: Ինձ իր մոտ կանչեց Վազգեն Մանուկյանը և դեմս դրեց էներգետիկներից ստացված մի առաջարկ, թե որքան ջուր են պահանջում բաց թողնել Սևանից, որպեսզի հէկ-երն աշխատեն: Ասաց, դրան բնապահպանները դեմ են, չենք կարող: Տարբեր տեղերից տվյալներ վերցնելով՝ կարողացանք այդ թիվը որոշ չափով իջեցնել, ինչը մեր պահանջարկի ընդամենը մեկ երրորդն էր բավարարում: 91-92 թվերին համակարգային հէկերն էին միայն, փոքր հէկերը չկային, Որոտանի կասկադի երեքից միայն մեկն էր կարծեմ աշխատում, Ձորահէկն էր, Գյումրիի մոտ մի հէկ կար, նա, Սևանի հէկերն էին աշխատում Սևանից ջուր բաց թողնելու հաշվին: Ստիպված էինք խնայողության գնալ, գործարաններին քիչ էներգիա էինք տալիս: Հիշում եմ, մի անգամ ինձ մոտ եկավ Կարեն Դեմիրճյանը, որը Հայէլեկտրամեքենայի տնօրենն էր դարձել: Դեմիրճյանին նախկինում երկու անգամ հանդիպել էի, երբ նա ինձ տարբեր աշխատանքի էր նշանակում: Հիմա որպես խոշոր ձեռնարկության տնօրեն՝ ինքն է եկել ինձ մոտ, շուրջ երկու ժամ զրուցեցինք, ասում է՝ տնօրեն են նշանակել, չեմ կարողանում աշխատել, էներգիա չկա, հումք չեմ կարողանում բերել, արտադրանքը չեմ կարողանում արտահանել: Դե, եկ ու հնարը գտիր...
Գիտնականների գուցե թե վախեցած զգուշավորության, կամ բնապահպանների ճնշման ներքո փակման պահանջի պատճառով ես ակամա մասնակից դարձա և ատոմակայանի փակման, և բացման ողջ գործընթացին: Երկիրը ահավոր բարդ իրավիճակի մեջ էր հայտնվել, իսկ խնդիրները ավելի հաճախ նոր էին ու որոշում կայացնողներից շատերի համար անհասկանալի,
Այն ինստիտուտը, որ մինչև ատոմակայանի կառուցման սկիզբը տվել էր այդ տեղանքի ութ բալի սեյսմիկության եզրակացությունը, ճիշտ էր եղել, դա նորից հաստատվեց: Ատոմակայանն ունի ռելեային պաշտպանություն, որը իմպուլս է ստանում, թե քանի բալանոց երկրաշարժ է, վեց բալը գերազանցելու դեպքում ազդանշան է ստանում, և կես րոպե հետո պիտի ատոմակայանը ավտոմատ անջատվի:
Երկրաշարժի առաջին ռեակցիան այն էր, որ մենք աշխատասենյակից արագ դուրս եկանք, բայց մի քանի րոպե անց վազելով հետ եկա և, ուղիղ հեռախոս ունեինք, զանգեցի ատոմակայան, տեղեկանամ, թե ինչ վիճակ է այնտեղ, ասացին, որ մի խարխուլ շենք է փլվել, մենք շարունակում ենք աշխատել, իսկ իմպուլսը՝ ազդանշանը ստացել են, ցանկացել են անջատել կայանը, բայց քանի որ չի կրկնվել, ու ատոմակայանի աշխատանքը չի կանգնեցրել, ուրեմն ութ բալից չի անցել ուժգնությունը:
Մոսկվայից հրավիրված մասնագիտական խմբի եզրակացությունը ներկայացրի կառավարությանը, որը կարող են հիմք ընդունել, եթե պետք է, թող ակադեմիա ուղարկեն, չէ որ իրենց գիտնականների սխալ եզրակացությունն է եղել ատոմակայանը կանգնեցնելու հիմքը:
Ակադեմիայում քննարկում կազմակերպեցին, ինձ նույնպես հրավիրել էին հանդիպման, ես մանրամասն պատասխանեցի բոլորի հարցերին,Վիկտոր Համբարձումյանը ելույթ ունեցավ, ապա քվեարկեցին, մի քանիսը ձեռնպահ մնացին, մյուսները կողմ քվեարկեցին: Ակադեմիայի դահլիճում գիտնականներն ու բնապահպանները ժողով էին հրավիրել, կառավարությունից ինձ ուղարկեցին, որ մասնակցեմ, ելույթներ էին ունենում, զայրացած խոսում, թե չի կարելի թույլ տալ վերագործարկումը, մեզ սպառնում էին, բայց ես ամենայն մանրամասներով նրանց էլ բացատրեցի, որ վտանգ չկա:
Եվ ահա, 95թվից ատոմակայանն սկսեց աշխատել,բայց այդ տիպի բլոկները նախատեսված են քառասուն տարվա համար, հաշվի առնելով նաև որ այն մի քանի տարի կանգնած է եղել, ուստի ժամկետն ավարտվում էր 2016 թվին: Այն ժամանակ դեռ աշխատանքները երկարացնելու տարբերակ չկար: Երբ Չինաստանից 2010թվին Հայաստան էի եկել, ես երկու փոխնախարարների հետ զրուցում էի այդ մասին, ասացի, որ հոդված եմ գրում, որ մեզ պետք է ևս մեկ 500 մեգավատտ հզորության նոր ատոմակայան: Մեկ էլ նրանք թե՝ ինչ եք ասում, մենք արդեն սկսել ենք 1000 մեգավատտ հզորության ատոմակայանի շինարարությունը: Ես զայրացա, ասացի, որ չի կարելի նման հզորության ատոմակայան կառուցել: Երբ վերադարձա Չինաստան, այնտեղ երեք ատոմակայան արդեն կառուցել, ավարտել էինք, չորրորդը պետք է սկսեինք, ի դեպ, բոլորը ծովի ափին, Դեղին ծովի, և հովացման համար անհրաժեշտ ջուրը հենց ծովից էլ վերցնում էին: Հովացման համար շատ ջուր է անհրաժեշտ, այդ պատճառով հիմնականում ջրի աղբյուրների մոտ են կառուցում ատոմակայանները:
Ռոսատոմի ղեկավարներն էին հերթական այցի եկել Չինաստան, քննարկում էին, թե ինչ վիճակում է շինարարությունը, ես էի հիմնական զեկուցողը: Երբ ավարտեցինք ու պատրաստվում էինք գնալ տեղում շարունակել քննարկումը, մոտեցա ղեկավարներին և ասացի՝ անձնական հարց ունեմ ձեզ: Սկզբում կարծեցին, թե ինձ ինչ որ մեկը նեղացրել է, բայց ես հարց ուղղեցի Հայաստանում նոր ատոմակայանի մասին, ասացի՝ դուք 1000 մեգավատտ հզորության նոր ատոմակայան ե՞ք կառուցում Հայաստանում: Ասացին ՝ այո, ահագին էլ փող ենք դրել դրա վրա, ասացի, որ դա սխալ է, որովհետև Հայաստանի էներգահամակարգը այդքան մեծ չի, որ դուք այդչափ հզոր ատոմակայան եք կառուցում, այնտեղ 500 մեգավատտանոցը բավարար է: Մենք դեռևս 91-ին նրանց առաջարկել էինք նման ատոմակայան կառուցել, համաձայնել էին, բայց չարեցին:
Այստեղ մի շարք խիստ մասնագիտական հարցեր կան, որոնք զարմանալիորեն անտեսվել էին: Նույնիսկ ռուսական կողմը դրանք հաշվի չէր առել որոշումը կայացնելիս, իսկ հայկական կողմից երևի թե ուղղակի գիտելիքներ չունեցող անձինք էին եղել այդ որոշմանը հավանություն տվողները:
Ուշադրություն դարձրեք, որ 1991-ից մինչև 2013 թիվը 500 մեգավատտ հզորության ատոմակայան այդպես էլ չկառուցեցին, ու սկսել էին 1000 մեգավատտանոցը, ինչի իրավունքը չունեին, անհրաժեշտությունն էլ չկար: ՄԱԳԱՏԵ-ի կանոնների համաձայն, նոր ատոմակայան կառուցելու համար այն պետք է առնվազն երեք տարի աշխատեցնեն իրենց մոտ, տեսնեն, որ ամեն ինչ կարգին է, հետո նոր միայն նոր տեղում կառուցեն: Իրենք այլևս 500 մեգավատտանոց չեն կառուցում, իսկ 1000 մեգավատտանոցի համար անհրաժեշտ էր, որ լուրջ ուսումնասիրություն անելուց հետո սկսեին: Փոքր համակարգի համար ի՞նչ կարիք կա նման հզորություն նախատեսել, այն դեպքում, երբ նաև գոյություն ունեն հարակից այլ լուրջ խոչընդոտներ:
Իմ պարզաբանումները լսելուց հետո Ռոսատոմից եկած պատվիրակության ղեկավարը կանչեց ռեակտորների գործարանի տնօրենին, Սանկտ Պետերբուրգի ատոմային կայանների նախագծային ինստիտուտի տնօրենին, և ասաց, որ եթե իմ ասածները ճիշտ են, ապա պետք է դադարեցնել նոր ատոմակայանի շինարարությունը: Երկու ամիս անց այդ մարդը զանգում է ինձ, ասում է, որ գնացել են Հայաստան, ուսումնասիրել իրավիճակը և գտել, որ, այո, որոշումը սխալ է և պետք է դադարեցնել աշխատանքները, չնայած երկու տարի աշխատել էին: Նույն սխալի մասին հայտարարեց նաև նախկին նախարար Արմեն Մովսիսյանը:
Հայաստանի պահանջն այդչափ չկա: Իսկ որպեսզի էլեկտրաէներգիա արտահանես, պետք է արտահանած էլեկտրաէներգիայի արժեքը ձեռք տա ում արտահանում ես: Վրաստանին մի քիչ մենք էինք տալիս, մի քիչ իրենք ունեին, բայց 2019 թվից նրանք արդեն մեզնից չեն վերցնում, որովհետև իրենց արտադրածի ինքնարժեքը քառասուն տոկոսով էժան է մերինից: Դրա համար ամեն անգամ այդ հարցը քննարկելիս պետք է իմանալ, հաշվարկել ինքնարժեքը, կորուստները ճանապարհին և ապա նոր միայն քննարկել արդյոք մենք ունե՞նք այդ հնարավորությունը: Հիմա մենք Իրանից երեք միավոր գազ ենք վերցնում, մեկ միավոր էլեկտրաէներգիա ենք տալիս: Բայց, արդեն նրանք Բուշերում ատոմակայան են կառուցում, հնի կողքին հազար մեգավատտ հզորության ևս երկու նոր բլոկ են կառուցում, տասնհինգ միլիարդ ժամ էլեկտրաէներգիա են արտադրելու, որը տասն անգամ ավել է, քան որ մենք տվել ենք այս բոլոր տարիներին: Թուրքիայում նույնպես ռուսները կառուցում են չորս հատ էներգաբլոկ՝ ամեն մեկը 1200 մեգավատտ հզորության, նրանք տարեկան կարտադրեն մոտ 35 միլիարդ ժամ էլեկտրաէներգիա, իսկ մենք նրան տվել ենք մոտ 100 մեգավատտ, տարվա մեջ մեկ միլիարդ կվտ /ժամ: Վերջին ժամանակներս Ադրբեջանը չի տալիս, միայն Վրաստանն է տալիս, ընդ որում այնտեղ միայն հիդրոկայաններն են տալիս, Վրաստանից գնում է 200 մեգավատտ, Հայաստանից՝ 100 մեգավատտ: Ձմեռը Թուրքիան յոթ հարյուր մեգավատտ է վերցնում Վրաստանից, այդ դեպքում այնտեղ ջերմաէլեկտրակայաններն սկսում են աշխատել: Վրաստանը արդեն մեր էներգիայի կարիքը չունի:
Մինչև 88 թիվը պատկերը ուրիշ էր, մենք 10 մլրդը սեփականն էինք սպառում, 4.5-ը Վրաստանին, մի քիչ էլ Թուրքիային էինք տալիս: Երբ ատոմակայանը կանգնեցրինք, արդեն Վրաստանին չէինք տալիս, նրանք նույնպես խնդիրների առաջ կանգնեցին: Ռուսաստանում 1993-ից սկսած հզորությունների 40 տոկոսը սպառող չլինելու պատճառով կանգնած է: Ընդհակառակը, նա կցանկանա արտահանել: Այսինքն, ժամանակներն ուրիշ են, արդեն մեր բոլոր հարևանները ինքնապահովվում են, մինչև 2026-27թվերը ոչ Իրանը, ոչ Թուրքիան մեզնից էլեկտրաէներգիա չեն վերցնի, Վրաստանը արդեն չի վերցնում, Ռուսաստանն էլ ավելցուկ ունի: Բոլորը մեզ հետ պետք է էներգետիկ կապ ունենան բացառապես այն բանի համար, որ վթարի դեպքում մեկը մյուսին աջակցեն:
Վերջին երեսուներեք տարվա մեջ իրավիճակը փոխվել է նաև ատոմակայանի հետ կապված պահանջներում: Եթե մենք ամեն տարի Ռուսաստանից երկաթգծով բերում էինք ատոմային վառելիքը, և նույն վագոններով վերադարձնում օգտագործված վառելիքն ու արտադրական թափոնները, վաղուց այդ հնարավորությունը չունենք: Ինքնաթիռներով երբ մենք բերեցինք լիցքավորված պանելները, թույլ չտվեցին, որ դուրս տանենք օգտագործված ռադիոակտիվ թափոնները: Ասացին՝ հատուկ վագոններով պետք է դրանք տեղափոխել: Բայց, քանի որ երկաթգիծը չի աշխատում, դա անհնար է: Երեք-չորս տարի առաջ քննարկում կար, մասնակցում էին նաև Ռուսաստանից ներկայացուցիչներ, ես այնտեղ թափոնները հետ տանելու հարցը բարձրացրի, բայց, կրկին նույն խնդրի առաջ կանգնեցինք՝ քանի որ մեր հարաբերությունները Բաքվի հետ վատ են, և երկաթգիծը չի աշխատում, խնդիրը բաց է մնում:
93 թվին երբ Մոսկվայում էի, կես տարի զբաղվեցի Հայաստան մազութ ու նավթ ուղարկելու հարցով: Վոլգայի ափին նավթավերամշակման գործարանից վագոններով երկաթգծով նավթը բերում էինք Տուապսե, բարձում էինք նավերի վրա, բերում մինչև Բաթումի, այնտեղ գործարան կար, նավթից ստանում էին մազութ, բենզին և այլն, միաժամանակ կարողացել էի այնպես անել, որ Վոլգայի նավթավերամշակման գործարանից արդեն մշակված վիճակում մազութը բերեինք Բաթումի: Երկու տարբերակն էլ օգտագործվում էր, լցնում էինք ցիստեռների մեջ, բարձում վագոնների վրա և բերում Հայաստան: Դա, իհարկե և բարդ, և բավական թանկ նստող ճանապարհ է, ներկայում ջերմաէլեկտրակայանները գազով են աշխատում, վաղուց մազութ չի օգտագործվում:
Մոսկվայում ծանոթացա ֆրանսիական Ֆրանսատոմ ընկերության ղեկավարների հետ, պարզվեց, որ իրենց փոխնախագահը հայ է, կարծեմ Ջանոզյան էր ազգանունը, նրան տեղեկացրի մեզ մոտ տիրող իրավիճակի մասին: Երբ ուրանի կասետները աշխատեցնում ենք, հետո օգտագործված ուրանը հանում էինք և ուղարկում Սիբիր, իսկ այժմ այն մնում էր մեր երկրում, դուրս հանելու ճանապարհները փակ են: Նրան խնդրեցի մեզ մոտ պահեստ սարքեն: Իսկապես, նրանք ընդառաջ գնացին, կառուցեցին այդ պահեստը, բայց քսան տարվա համար: Տասնվեց թվին ֆրանսիացիների կողմից կառուցված միջուկային վառելիքի պահեստն արդեն սպառեց իր հնարավորությունները, հետո ինչ որ մի նախագծով, ես տեղյակ չեմ, մեկ այլ պահեստ են կառուցել, հիմա երկուսն էլ լցվել են, որտե՞ղ պիտի պահեն թափոնները, հայտնի չէ: Մինչև ութսունիննը թիվը նոր վառելիքը բերելուց հետո, հինը անմիջապես տանում էին հետ, չէր մնում Հայաստանում: Վերագործարկելուց հետո հետ չի գնացել:
Երեք տարի առաջ քննարկում էր միջազգային էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանի մոտ, հարց բարձրացրի, թե ինչու լաստանավով վագոններով չի տեղափոխվում: Այնպես որ, էներգետիկային վերաբերող բավական պրոբլեմներ կան, պետք է լուրջ քննարկել: Կառավարությունում պիտի հատկապես այս հարցը բարձրացվի և լուծում գտնվի:
Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ 500մեգավատտի փոխարեն 1000 մեգավատտ հզորությամբ նորը կառուցվի, այս խնդիրները կկրկնապատկվեն:
Գործող ատոմակայանի մեկ բլոկն է աշխատում: Ռուսաստանը 300 միլիոն դոլար հատկացրեց դրա վերագործարկման համար: Հզորությունը ամենասկզբի՝ 460 մեգավատտ հզորությանն է հասցվել: Բայց նա չի կարողանում նույնիսկ իր այդ հզորությամբ աշխատի, քանի որ ամռան ամիսներին չի բավականացնում հովացման համար անհրաժեշտ ջրի քանակը: Դրա համար օվկիանոսի ափին են կառուցում ատոմակայանները, հովացման համար անհրաժեշտ ջրի առկայությունը շատ կարևոր է:
Ահա, այսպիսի իրավիճակում, նոր ատոմակայանի հզորությունը պետք է փոքր լինի: Հինգ հարյուր մեգավատտ հզորության ատոմակայաններ կառուցում են չինացիները:
Ես 2021 թվի սեպտեմբերին վարչապետին նամակ եմ գրել,պետք է, որ կարդացած և հետևություններ արած լինի: Այդ օրերին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականությունն անցավ ռուսական ընկերությանը, նրա տնօրենը գալիս է Հայաստան, տասը-տասնհինգ տոկոսը տալիս են Հայաստանի կառավարությանը: Գեոպրոմայնինգի տնօրենը ելույթ է ունենում և ասում է, թե այն նոր կառուցվելիք գործարանը, որը հումքից պետք է պղինձ արտադրի, էլեկտրաէներգիայի մեծ քանակության կարիք է ունենալու, դրա համար մենք պետք է Ռուսաստանից փոքր հզորության շարժական ատոմային մոդուլներ բերենք: Դրանք 40-50 մեգավատտ հզորության բլոկներ են: Ես ուսումնասիրել եմ այդ մոդուլների աշխատանքը, դրանք հիմնականում նավերի վրա էին տեղադրում, ջրային աղբյուրներին մոտիկ և այն տարածքներում, որտեղ պետք է էներգիա, օրինակ, Սիբիրում, նավը կանգնեցնում են Սիբիրի Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի տարածքներում, նավը մոտենում է և համապատասխան էներգիան տալիս է: Այդ մոդուլները Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում են հիմնականում օգտագործվում, տասը տարի է ժամկետը, որից հետո վերադարձնում են Սանկտ Պետերբուրգի իրենց արտադրող գործարան, որտեղ նրանք ոչնչացվում են և հանձնվում որպես մետաղի ջարդոն: Ես կարդացի, որ ռուսները ուզում են այդ մոդուլները տեղադրել նաև ցամաքում, բայց այնպիսի տեղերում, որտեղ անմարդաբնակ տարածքներ են, ավելի շատ բլոկներ կտեղադրեն, հարյուրից մինչև երկուհարյուր մեգավատտանոց բլոկներ, բայց կրկին տասը տարի ժամանակացույցով:
Մեզ առաջարկվող նախագիծը պետք է համաձայնեցնել Ռոսատոմի հետ, նախագիծը կտևի չորս-հինգ տարի, երեսուն թվին նախագծումը, կառուցումը կավարտվի, և որպեսզի մենք այն կառուցելու իրավունքն ունենանք, այն պետք է երեք տարի աշխատի, ամեն ինչ լավ լինի, որևէ թերություն չունենա, ստացվում է, որ 2034-ին նոր միայն իրավունք կունենան այդպիսի շարժական բլոկներով կայան կառուցեն: Ես զայրացած գրեցի այդ նամակը: Տասը տարվա աշխատանքի ժամկետի ընդամենը կեսը բաժին կմնա մեզ համար: Բլոկները Հայաստան բերելու համար ճանապարհ չունենք:
Մեծամորում նույնպես չենք կարող կառուցել մեծ հզորության նոր ատոմակայան: Իմ նամակից անցել է երկու տարի, վստահ եմ, որ հասկացել են, որ դա անհնար է: Մյուս կողմից, ո՞վ ասաց, որ այդ գործարանի համար այդչափ հզորության ատոմակայան է պետք: Ո՞վ ասաց, որ մեր էներգահամակարգը այդպիսի հզորություն չունի: Հայաստանը ունի երկուհազար մեգավատտ տարբեր հզորություններ, որոնց կեսը կանգնած է սպառող չունենալու պատճառով: Փոխնախարարի հետ եմ հանդիպել և զրույց ունեցել, ինձ պաշտոնապես պատասխան են ուղարկել: Իհարկե, մենք Զանգեզուրի համար ունենք հզորություն, իսկ նոր ատոմակայանի համար մենք ոչ մի տեխնիկական փաստաթուղթ չենք ստացել, որը քննակվեր:
Եթե որևէ նոր կայանի կարիքը լինի, մենք այն կառուցելու համար իրավունք չենք ստանա մինչև էներգետիկ անվտանգության համար սահմանված բոլոր փուլերը չանցնեն:
Վարչապետին գրել եմ, որ ինչո՞ւ այդ հարցերը նախապես չեք քննարկում էներգետիկ անվտանգության հարցերի համար պատասխանատու մասնագետների հետ: Կամ ինչ որ մեկին շատ ձեռնտու է սա, կամ էլ իսկապես մասնագետների հետ խորհրդակցելու սովորույթը չունեն:
Ռուսաստանը իրավունք չունի նման կայան կառուցելու, հիմա էլ ամերիկյան կողմն է այդ տիպի մոդուլների մասին խոսում, խումբ է գնալու Ամերիկա, բայց նույն կանոնները գործում են նաև Ամերիկայում: Միջազգային ստանդարտ է ՄԱԳԱՏԵ-ի օրենքն է դա: Նույնիսկ հազար մեգավատտ ատոմակայանի դեպքում ՄԱԳԱՏԵ-ն հնարավոր է թույլտվություն չտար:
Հիմա էլ կորոշվի, որ այդ շարժական ատոմային բլոկները Հայաստանում կառուցելու իրավունք չի լինի, իսկ մի տասը տարի հետո կպարզվի, որ մեզ նոր ատոմային բլոկներ, նոր ջերմային բլոկներ կառուցելու համար պետք է շատ հիմնավոր կերպով ապացուցվի, որ դրա կարիքը երկիրն ունենալու է: Օրինակ, ապացուցվի, որ երեսուն թվին իսկապես մեզ այնքան էներգիա է պետք, որը չունենք:
Կառավարությունը որոշում է կայացրել հինգ արևային էլեկտրակայան կառուցել, ամեն մեկը երկու հարյուր մեգավատ հզորությամբ: Բայց որպեսզի դրանք մեր էներգահամակարգում հուսալի աշխատեն, պետք է անպայման նրանց կողքին կուտակիչ կայանքներ լինեն, որպեսզի երբ արև չկա, կայանը չկանգնի, համակարգը ստանա իր բաժին էներգիան, կեսը պետք է սպառի,կեսը կուտակի:
Էներգետիկայի ապագան հետևյալն է: Սկզբից շատ վստահելի կերպով ճշգրիտ պետք է իմանանք, թե մեր երկրի տնտեսությունը զարգացման ինչ հեռանկարներ է նախատեսում, բնակչության թիվը, տնտեսության հեռանկարային ճյուղերը, ապագան պետք է պատկերացնենք, որպեսզի հասկանանք, թե, օրինակ, հինգ տարի հետո էներգիայի պահանջը ինչքա՞ն է լինելու, նույնը տասը տարի հետո, և այլն: Հիմա մինչև երեսուն թիվը նախատեսված ռազմավարությունում գրված է, որ կունենանք տասներկու մլրդ մեգավատտի պահանջ, որտեղ հաշվարկված է նաև արտահանման համար պլանավորվող հինգ միլիարդը: Մեզ մնում է յոթ միլիարդը: Հաշվի չի առնված այն փաստը, որ մեր հարևանները քսանվեց թվից հետո ինքնաբավ են լինելու: Համագործակցությունը կարող է տեղափոխվել զուտ անվտանգային դաշտ, երբ ինչ որ անհրաժեշտ պահի մեկը մյուսին օգնության ձեռք մեկնեն, էներգիա փոխանցեն:
Տարածաշրջանում մեր համակարգում կտրուկ փոփոխություններ են լինելու: Էներգետիկները պիտի կառավարությանը տեղեկացնեն, որ հարևանները ինքնաբավ են լինելու, գուցե մե՞նք ենք հիմա գնելու նրանցից, օրինակ, Վրաստանինը քառասուն տոկոսով էժան է: Պետք է տեսանելի ապագայի համար հնարավորինս ճիշտ տվյալներ ունենանք կանխատեսած: