Հայերեն

Մեծ երկրի ավերակների տակ

Հայ կնոջ ամենօրյա մտորումների արանքից եմ դուրս հանել այս ամենը: Նա ընտանիք, երեխաներ, երկիր, հայրենիք հասկացությունների մեջ սիրո և խաղաղության արարումների պահանջատեր է: 348-երորդ էջում վերջակետ դրեցի "Քանի՞ անգամ նույն ճանապարհով" էսսե-խոհագրությանը: Երբ սկսեցի խմբագրելու և մշակելու աշխատանքը, կարծում էի, թե կիսով չափ կրճատելու եմ ու փոքրացնելու այն, ինչ ամիսներ առաջ գրել ու մի կողմ էի դրել, ինչպես խմորն են հունցում և թողնում հանգստանա: Բայց, էջերն ավելացան: Մտքերն ամբողջացան, հղկվեցին: Վերնագրեր կային, որ կրկնվեցին, սակայն ամիսների տարբերությամբ՝ նոր մտքեր ի հայտ եկած հայտնվեցին դրանք: Այս աշխատանքի ընթացքին մեծ շնորհակալություն: Հրաշալի զգացողություն էր առնվազն մեկ դարի միջով վերև- ներքև ու աջուձախ պտտվելը, լիքը մարդկային ճակատագրերի հանդեպ պատասխանատվությունն զգալը, փորձել հասկանալը, թե ինչն ինչոց է: Իմ ընկալմամբ: Ահա և վերջաբանը:

Վերջաբան

Մեծ երկրի ավերակների տակ

Մեծ երկիրը քանդվեց, քանդվեց նախորդ մի քանի սերունդների դառը քրտինքով ստեղծված, աշխարհի հզոր երկրորդ երկրի շղթայակապ սարդոստայնը: Խորամանկ այդ հյուսվածքը մեկը մյուսից առանձին տիրապետելու և կարգին պատմություն դառնալու պիտանի չեղավ: Դուրս ժայթքեց սիբիրների ու մութ զնդանների ահից պահ մտած պետական հանցանքների ատելությունը: Պետությունն ու պետականությունը երկարամյա ատելությամբ քողարկված հիվանդություն էին դարձել, և անհնար էր այն սիրելու փորձերը պետություն ունեցողի սեր կոչել: Իրար հաջորդող տիրակալ իշխանավորները պետականությունը կառուցել էին ատելության, ոչնչացնելու, տիրակալելու մոլուցքի վրա, և մարդն անզոր էր սիրելու պետություն կոչվածը, որքան էլ ասում էին, թե՝ այն քոնն է: Քո սեփականն է...

Սեփակա՞նը...Սեփականը միաձույլ ներդաշնությամբ միացավ սեփականությանը, սեփականատիրությանը, սեփականապաշտամունքին...Սեփականը տրորեց, ցեխակոլոլ դեսուդեն շպրտեց ընդհանուր կոչվող հակառակին:

Ոչ ժողովուրդների բարեկամություն մնաց, ոչ սովորական մարդկայնություն, ոչ հարազատություն: Ազատագրվելու հույսի հետ միասին բոցկլտաց խաբվածությունը, վանդակապատ հուսահատությունից դուրս պրծած թևածումը, դուրս պրծավ վիրավորանքը, զրկվածությունը, մահակը գլխին ահուսարսափը...

Ամենքը ազատությունից ցնորված՝ քաշվեցին իրենց բները: Ու կամաց-կամաց վախվորած պարզեցին գողացված արդարության վերադարձի դրոշը: Անպատրաստ, հին բովանդակության մեջ խճճված, կրած տառապանքների դեմ բնազդային վրեժխնդիր, և նույն այդ խորխորատներում պահ մտած վախը իբր թե հաղթահարած: Աքսորների, կտտանքների, բանտերի ու մահակների ստվերները չե՞ն նշմարվում մոտիկ-հեռուներում...

Եվ անցան ամեն ինչից վրեժխնդիր մի ճանապարհ, որին ժամանակի բարձունքից հետահայաց նայելով՝ սարսափեցին...Երանի մաքրել լիներ աղտոտածը, հարթել լիներ խորդուբորդածը,սարքել լիներ ավերած-թալանած-վաճառած-գրպանածը, հղկել լիներ կարծրացածը...Նույնն էին եղել, ինչ որ մերժածը...

Փլուզված կայսրության ավերակներում այգի տնկելու համար պարարտ հող չկար: Երկրաշարժի վերքերը չլավացած՝ տնազուրկ վիճակը մնաց երկրի թույլ ուսերին, ծիլ տվեցին աղքատությունը,ընչազրկությունը, չարությունը, հպարտություն, հարգանք, ինքնահարգանք՝ սերտաճեցին օգնության աղեկտուր խնդրանքների հաղթանակած հերոսականությանը: Պետությունը ուժատ էր, մարդիկ սուսուփուս օտարություն հեռացան՝ բեռ չդառնալու համար սեփական տանը: Կորցրածի որոնումները նրանց տնից դուրս հանեցին:

Ամեն ինչ մնաց մնացողների հույսին: Իսկ նրանց նոր տերերը լոզունգներ էին շպրտում օդ, ինչ խրոխտ էին գոչում՝ փլուզված տունը օտարը չպիտի վերականգնի, այլ՝ մենք: Հարևանի թշնամական բնազդների արթնության դեմ կանգնելու համար բարեկամի հույսին չպիտի մնանք, այլ՝ մեր: Մեր տունը մենք պիտի կառուցենք, մեր կռիվը մենք պիտի տանք:

Բայց, մնացին օտարությունից դեպի տուն ուղարկված ապրուստի գումարների հույսին: Մի պարարտ հույս էլ հայտնաբերվեց՝ անգործ մնացած մանր ու մեծ հազարավոր գործարանները: Մաս առ մաս քանդեցին, բարձեցին բակում հերթ կանգնած հսկա բեռնատարները և ճամփու դրեցին խելամիտ հարևանի արդյունաբերությունը զարգացնելու: Մշակված, պատրաստի թանկարժեք հումք որպես՝ վաղեմի արտադրական հզորությունների «թողարկած» և վաճառքի հանելու միակ արտադրանքը: Կարո՞ղ ես տարիներ անց կրկին դրանցով լցնել երկիրդ...Ապրելու համար ամեն օրն էին փրկում՝ ցիրուցան անելով սիբիրավախերի սերունդների ստեղծածն ու կուտակածը: Ասես՝ դեն էին նետում նաև այդ վախերի վերադարձի նշույլն իսկ հույսը:

Գլխահակ միասնության մեջ դիմանալու պայքար էր ընթանում: Մի օր էլ տեսան, որ ոտքի են կանգնել: Կռվելով, իրար դեմ դուրս գալով, իշխանության ճանապարհին իրար ուտելով, սկսած գործերը անտեր թողնելով...

Բայց,գլուխը կախ տուն, ընտանիք պահող սովորական մարդիկ երկիրը երկիր դարձրին:

Փակուղու մեջ մնացած միակ տուժածը ամենքին հաղթեց: Ծովային նավահանգստից բեռնված գնացքները երկաթուղով սլանում էին դեպի սահման: Սլանում էին ավերակների տակ մնացած մեկ այլ երկրի տարածքով, բոլորը գիտեին, որ սուրացող վագոններում սահմանն անցնելու է շտապում այն, ինչից պակաս են նաև իրենք: Ծովազուրկ երկրի ծովը երկաթուղին դարձավ, հարևանի նավահանգիստները զարգացրին, գումարներ բաժանեցին աջ ու ձախ, հարևանություն արեցին: Բայց սա հո առանց պետության չէի՞ն անելու...Պետությունը անհատները դարձան, նրանք ամենուր կային: Նրանք կրթեցին սերունդներ, բուժեցին հիվանդներին, ջախջախեցին թշնամուն, բանակ դարձան, նոր արտադրություններ ստեղծեցին, կառուցեցին, նորացրին, և՝ ունեցան իրենց սիրելին, իրենց պետականը, իրենց պետությունը: Ոտնձգողներին նկատելը դյուրին դարձավ: Նրանք ցցվածքներ էին, առանձնյակներ, նկատելի օտար, աննկատ մնալ կամեցող կորացածներ:

Ձայնագրիչը պտտվում է այս ամենը տեսածների շուրջը, լուռ կուլ է տալիս պատմություն պատմության հետևից: Մի ամբողջ դարաշրջանի ավարտ ու անհայտ նորի ծնունդ է հիմա կրում իր մեջ, որում մարդիկ մոլորված են ու միայն միմյանց են տեսնում դեմ առ դեմ կանգնած: Ո՞վ է այդ քաոսի հեղինակը, ովքե՞ր դանդաղ ու հմտորեն փորեցին մոլագար վախ տարածող պետության հիմքերը, ու փլվեց անփլվելին, դեպի մարդկության պայծառ ապագա հորջորջվող հավերժություն ընթացողը: Փլվեց՝ ամենագլխավոր առավելությունը սնանկ դրոշակոթող բարձրագոչ իմաստախոսություն դարձրած լինելու պատճառով: Հենց այսպես՝ բառախեղդ վիճակ: Միմյանց էր գումարում ժողովուրդներին, ազգություններին, ցեղախմբերին, հնին՝ ջահելացնում, ջահելին՝ հնեցնում ու տալիս-առնում էր սրտի ուզելիքը, փեշի տակ հավաքում ու խմորի նման հունցում անհունցելին: Թթվեց այդ կեղծ խմորը ու պայթեց, դուրս թափվեց, խմորն ինքը դեմ դուրս եկավ հունցողին: Պապ ու տատի խմորագնդիկի հեքիաթի նման փախավ, ինքնագոհ երգելով՝ ընկավ սովածների դաշտն ու ինքնազմայլանքով ազատության նոր տարածքներ էր հայտնաբերում գազաններով լիքը մութ անտառում: Ախ, այդ գազանները, նրանք արագընթաց վայրէջք էին կատարել եռացող քուրայի բուն քլթքլթոցի մեջ ու ինչ եռանդով խառնում ու կաթսայից դուրս էին նետում բուռ-բուռ ցոլքերը: Փակեք, շտապեք փակել ձեզ մահացնող արդյունաբերությունը, ավերեք, ոչնչացրեք այդ հրեշները, քանդեք ու վաճառեք՝ ով կգա դրանց հետևից, մաքուր բնաշխարհում վայելեք մաքուր բնության արարած պտուղները...Մի վախեցեք, շուտով կանաչը կպատի ձեր գողտրիկ լանջերը, գոգնոցը կկապեք ու հայդե, կերակուրն այսուհետ այնտեղ է լինելու...Կհավաքեք հատիկ-հատիկ ու չմոռանաք հաշվել, թե քանի օրվա պաշար եք չորացնելու պարաններին, դիմացը ձմեռ է լինելու, անշուշտ կհիշեք:

Հրեշներին ջարդուխուրդ արեցին, ինչպես հրահանգել էին բարի կամեցող անհայտ օտարները, տվեցին վազեվազ իրենց դուռը եկած հարևաններին ու կապեցին գոգնոցները...Այդ նույն ժամանակ դադարեց նաև ծեծուջարդով հաց ու վառելիք ներկրելու սխրանքը: Մի դարպասը կողպվեց, մյուս հարևանը գիրկը բացեց:

Սովորական մարդիկ, տուն, ընտանիք պահող, պետության ղեկը տիրելու հանդեպ անտարբեր, իրենց գործին լծված հարյուր հազարավոր անհայտները պետություն ունեին: Այդպես ապրեցին: Եվ ունեցան երազանքի ձեռքբերումը:
2023-03-08 17:00