Հայերեն

ԷԿՈՆՈՄԻԿԱ պարբերականը

Բոլորս օրն սկսում ենք հեռախոսի մեջ նորություններ որոնելով: Լուրը դարձել է հաց ու ջրի նմսն անհրաժեշտություն, այն արդեն մեխանիկական գործողություն է, համարյա թե բնազդորեն ենք հեռախոսը բացում ՝ տեսնենք ինչ է այն հասցնելու մեզ որպես հրատապություն: Լուրի կողքին մենք հանդիպում ենք նաև հետաքրքիր հոդվածների, որոնք բացահայտումներով են գրավիչ, կամ նրանով, որ հեղինակի հետ միասին խորհել են տալիս զանազան թեմաների, խնդիրների շուրջ, և այդ կերպ վիրտուալ տարածքում ձևավորում համախոհների յուրատեսակ համայնք: Այդ առումով՝ ֆեյսբուքը նոր տիպի պարբերական է, որտեղ միմյանց անծանոթ մարդիկ շտապում են փոխանակվել իրենց հայտնաբերած կարևոր տեղեկություններով:

Իսկ այդ համայնքի աշխարհագրական տարածքը սահմաններ չունի: Եթե միայն որոշել ես անդամագրվել այդ հանրությանը:

ԷԿՈՆՈՄԻԿԱ անունով պարբերականը տպագիր մամուլի նախըտրելի շարքում է: Այն բովանդակության նախասիրությամբ՝ տպագիր ընթերցանության ձևաչափին է հարմար: Նաև՝ հիմնադիրներն իրենք տպագիր մամուլի հնարավորությունների գիտակներն են: Սակայն, նոր հնարավորություններն օգտագործելու և տպագրված հատկապես հանրային լսարանին այս տարածքում նպատակահարմար ներկայացնելու հմտություններին ու վարպետությանը տիրապետելը ժամանակի հարց էր: Տասնվեց տարիների ընթացքում տպաքանակը նվազեցրել ենք հազար օրինակից իջեցնելով մինչև հարյուր հիսունի: Բայց, կրկնակի ավելացրել ենք էջերը, այսինքն երկու թողարկման ծավալի ենք այն դարձրել, 148-152 էջում ավելի հաճելի է բազմաթեմա լինել, հրապարակումները լիախոսք դարձնել, բազմաժանրությամբ հեշտացնել ընթերցանությունը, ծանր խնդիրների քննարկմանը հաջորդել գունեղ ու ընդհանուրից համատեքստին առնչվող պատմվածք, պատում, խոհական, վերլուծական, միտք ու հոգի վեհացնող գրական միջամտություն: Եվ ամենը ի մի բերել համարյա թե ինն ամսվա կտրվածքով երկրի կյանքի բաբախյունն արտացոլելով: Գիտեք, պարզվում է, որ դա ճիշտ ժամանակահատված է բազմաթեմա ու բազմաժանր ամփոփ վերլուծական միջավայր մեկտեղելու համար: Շտապելու ոչ մի խնդիր չունենալու առավելությամբ աշխատելիս կարողանում ես ամբողջական դարձնել նման ծավալուն գործի արդյունավետությունը, չէ որ այն վավերագրական-վերլուծական գիրք դառնալու հավակնություն է ձեռք բերում իր բնույթով, ժանրային առանձնահատկությամբ: Տպաքանակը իջեցնելուն զուգահեռ՝ ֆեյսբուկյան տարածքում ընթերցողներին ներկայանալու հեշտացված տարբերակը օգտագործվեց: Նաև՝ հեղինակների համաձայնությունն ստանալով, այս տարածքից ընտրված նյութերը տպագիր տարածքը նախընտրող մեր ընթերցողին առաջարկելու հնարավորությունից օգտվելն ենք կիրառում:

Տպագիր մամուլից վիրտուալին անցնելը լուրջ հոգեբանական ու մեխանիզմները ըմբռնելու փուլ է պահանջում, հեշտ չէ մեր սերնդի համար, բայց, կարողացանք: Վաղուց կունենայինք նաև կայքէջը, եթե անցնեինք նաև այդ տեսակի ընթերցանության հրապույրն զգալու փուլը: Ինքս, դեռևս չեմ անցել, տպագիրն եմ սիրում: Բայց, ժամանակը մոտեցրել է դրան: Ամենահաճելին հենց սա է, որ աշխատանքային բոլոր տարիներին վկա եղանք, զգացինք թե՛ երկրի տնտեսական ոլորտի տարբեր ստորաբաժանումների լավ ու վատ աշխատանքի ակնհայտ դրսևորումները, և թե՛ ինքներս էլ հասունացանք երկրի հասունացման հետ միասին: Երբ ճանապարհը միասին ես անցնում, անպայման հարգանք կունենաս այդ ճանապարհի նաև դժվարությունները քեզ հետ միասին անցկացրած երկրիդ ձեռքբերումների հանդեպ: Դա նաև քոնը կընկալես: Սա լրագրողական եռուն աշխատանքային միջավայրից բխող դրականն է: Կա նաև մտահոգողը, և դա կիսատ-պռատությունն է, երկար տարիներ անհրաժեշտը չտեսնելը, թեթև անհոգությամբ լրջագույն խնդիրներն անտեսելը, անհատների աչքիդ առաջ անկումը տեսնելը: Ամենաանտանելին՝ երբ ղեկավար բարձունքներում են հայտնվում մարդիկ, որոնք երկիրը չեն ճանաչում, ժողովրդի հանդեպ անսեր են: Ժողովրդի հանդեպ անսեր, երկրի քունջուպուճախը չճանաչող ղեկավար կլինի՞: Բայց, եղել են, և լրագրողները տեսել ու գրել են: Ախտորոշող բժիշկների նման՝ համարձակ, կանխարգելելու, բուժելու հավատով հանդես են եկել ու հանդես են գալիս: Եվ ցույց են տալիս ականջալուր չլինելու, չկանխարգելելու ցավոտ հետևանքները:

Վերջին տարիների դժվարությունները նաև տպագիր լրատվության համար ձևավորեցին աշխատանքային նոր պայմաններ: Իրադարձությունները առավել բովանդակալից դարձրին պարբերականի էջերը: Առաջին նախադասությունից մինչև վերջինը նույն օրգանիզմի մասնիկ է դառնում, և եթե նյութը այլ ասելիքի տարածքում է, նա պիտի սպասի իր սեփական օրգանիզմի անհրաժեշտությանը, որպեսզի տեղավորվի այդ երկունքի մեջ: Կարճ ամփոփեմ ասելիքս: Ներկայում Հայաստանը մի այնպիսի բուռն իրականության ու իրադարձությունների մեջ է գտնվում, որի ի հայտ գալու սկիզբն ենք փորձել որոնել, գտնել թիվ 44-ում, որը զարմանալի հերթական թիվ ընկալեցինք մեզ համար: Գործընկերների մի աստղաբույլ իր հուշ-պատումով պարբերականում ներկայանալու առաջադրանք ստացավ, և մենք հերթով ընդունում էինք նրանց հրաշալի հոդվածները: Ինչպես կարելի է նման լրագրող-գրողների մասնագիտական շքեղ, պայծառ կարողությունները պարապ թողնել, երբ տեղեկատվական զորեղ պատերազմն է պատել աշխարհին, և այն ավելի ավերիչ է, քան զենք-զինամթերքովը, և երկիրը պարտավոր է ունենալ և տիրապետելու հմտությունը գործի դնել, հավաքել, ի մի բերել այդ գործի հմուտ վարպետներին:

Յուրաքանչյուր ընկերոջս նյութն ստանալով՝ այդ միտքն էր շամփրում ինձ: Եվ, ահա, թիվ 44 խորհրդանշական հերթական թողարկումը դարձավ այդ կարևոր գործի մոդելը: Եվ այն շարունակվելու է հաջորդ թողարկման մեջ, նոր գործընկերներ են միանալու մեզ, և մենք փորձելու ենք այս համարի կանգառից, այն է՝ Արցախյան շարժման սկզբից մինչև Հայաստանի Հանրապետության հռչակումը, շարունակել ճանապարհը և վերլուծել ոլորտային անկումների ու նոր զարգացումների վիճակը: Մենք պատմություն գրելու հավակնություն չունենք, մենք լրագրող-գրողներ ենք, բոլորս մի քանի գրքերի հեղինակներ, և մեր մասնագիտության մեջ անուն վաստակած անհատներ ենք, և մեր տեղեկացվածի ու վերլուծական մեր սեփական տեղեկությունների բովից են ծնվել հրապարակումները, որոնք յուրատեսակ միջոց են դարձել հայ ժողովրդի քսաներորդ դարի դիմանկարն ստանալու համար: Նոր գործունյա սերունդ ունենք, որն իր մտապատկերում խորհրդայինից հեռու է, ազատ է, ժամանակակից է, աշխարհի հետ շփումներում հեշտ է, ընկալելի է: Եվ մեր որոնումներն ու պրպտումներն ավերակ տնտեսությունից դեպի ահա այս նոր սերնդի անցնելիք նոր ուղին պիտի հասնի: Անհամբեր եմ՝ սկսելու հերթական համարի նախապատրաստությունը: Լրագրողական հրաշալի արխիվին կմիանա նոր իրողությունների շարունակությունը: Մասնագիտության հնարավորությունը հիանալի մի բան է, երբ հանդիպումներիդ ու զրույցներիդ համար այն դռներ բացող բանալի է:

Ով ինչ ասելիք ունի՝ սիրով կընդունենք, և միասին կհամախմբենք կարևոր ասելիքը: Երկու թողարկումներով երկու հայտ ենք ներկայացնում ընթերցողներին՝ փորձառու լրագրողների համախումբ աշխատանքի արդյունք, երկրորդ՝ արդյունք, որը վստահելի աղբյուր լինի նաև ապագայի ընթերցողի համար, իսկ այսօրվա ընթերցողը որպես մեր անցած ճանապարհի որոշակի հատվածի համար յուրատեսակ դասագիրք ընկալի լրագրող-գրողների, և ոչ միայն, նվիրյալ ազնիվ հրապարակումները: Մենք բոլորս երջանկացանք, երբ տեսանք տպագրված ու գրադարանի պահպանմանն ու տնօրինմանը հանձնված աշխատանքը: Բաշխումը շարունակվում է, հետաքրքրվածները կարող են դիմել և ձեռք բերել, եթե սիրում են տպագիր ընթերցանությունը:

ՀՀ ազգային գրադարանի էլեկտրոնային գրադարանում առկա է ԷԿՈ ՆՈՄԻԿԱ պարբերականի թիվ 17-ից սկսյալ համարները: Պատրաստում ենք նաև պարբերականի կայքէջը, որտեղ առայժմ տեղադրվում են թիվ 42, 43, 44 թողարկումները ամսագրային ընթերցանության համար, ինչպես նաև դրանցից առանձնացված հոդվածներ: Օրախնդիր թեմաներով հրապարակումների համար կունենանք առանձին հնարավորություն: Հուսանք, այդ տարածքում հանդիպել մոտ ապագայում: Իսկ առայժմ, ահա Ազգային գրադարանից մեզ տրամադրված հղումը:

https://tert.nla.am/cgi-bin/koha/opac-search.pl?idx=&q=%D5%A7%D5%AF%D5%B8%D5%B6%D5%B8%D5%B4%D5%AB%D5%AF%D5%A1

Վերջում՝ հարց պարբերականի հրապարակումների հեղինակ գործընկերներիս: Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ ենք անում, որ ԷԿՈ ՆՈՄԻԿԱ պարբերականը առաջին հերթին առաջարկում ենք կրթօջախներին և գրադարաններին: Դա անում ենք նաև փոքր տպաքանակի օգտակար գործողության գործակիցը մեծացնելու նպատակով, երբ մեկ օրինակը անվճար ունենալու և ընթերցելու հնարավորությունը բազմաթիվ հետաքրքրվողներ կունենան: Ճի՞շտ ենք անում, որ մեր աշխատանքի համար ընթերցողական միջավայր ենք առաջին հերթին ընտրում մանկավարժներին և երիտասարդներին՝ ի դեմս ուսանողների, իսկ գրադարանների դեպքում՝ նաև ավագ սերնդի հավատարիմ ընթերցասերներին: Այլ առաջարկներ կա՞ն, հետաքրքիր է:

Լուսյա Մեհրաբյան

Պարբերականի գլխավոր խմբագիր
2023-03-04 16:00