Հայերեն

Ճանապարհ դեպի ակունքներ, ճանապարհ դեպի ապագա

ԷԿՈՆՈՄԻԿԱ պարբերականի նոր համարում տպագրում ենք Արմենուհի Դեմիրճյանի հետ այս զրույցը՝ նախաբանով և վերջաբանով, նվիրված նրա հրաշալի գրքի՝ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ-ի հմայքի վերլուծությանը: Շատ արդիական են հազարամյակներից եկող հարցերն ու պատասխանները, որոնց բոլորեքով պտտվում ենք, ու ես հրաշալի պատասխաններ եմ ստանում հեղինակից:

Անցյալն այսօրվա մեջ, ու ապագայի ճանապարհին

Լուսյա Մեհրաբյան – Սիրելի Արմենուհի, գրքի կարճ տարածքում քեզ հաջողվել է մեզ տեղափոխել մեր նախնիների ապրած հեռավոր ժամանակներ և կարդալիս մեզ պատկերացնել առասպելական Հայկ Նահապետի ժամանակակիցն ու սերնդակիցը: Նա մեզ նման է: Նման է ոչ միայն բնավորությամբ, շնորհներով, այլև մարդկանց հետ հարաբերվելու վարվեցողությամբ՝ իբրև սովորական հայ մարդ: Դու ամբողջությամբ տեղավորվել ես այդ միջավայրում: Ինչպե՞ս է հաջողվել կերտել այդ ամենը, և ինչպե՞ս ես ինքդ քեզ զգացել այդ միջավայրում: Ծանր աշխատանք ես կատարել, ուսումնասիրել ես բոլոր աղբյուրները, գուցե հիշողությանդ մեջ գենետիկորեն ներկա՞ է դա:

Արմենուհի Դեմիրճյան - Ճիշտն ասած, չի բացառվում, որ նախորդ կյանքում Հայկի դուստրն եմ եղել: Նահապետի կերպարը խիստ հարազատ է ինձ: Բայց եթե խոսենք ավելի ստույգ, ապա շատ բան գալիս է համալսարանական խոր կրթությունից, որ սովորեցրեց քննել ու համեմատել: Գրականագիտությունը մեծ դեր խաղաց իմ ամբողջ կյանքում, քանի որ մասնագիտության բերումով ճանաչեցի շատ լավ մարդկանց, լսեցի խելացի կարծիքներ: Մի անգամ ճանաչված գրող Սամվել Խալաթյանն ասաց, որ եթե ուզում ենք հասկանալ մեր պատմությունը, ապա պետք է սովորենք կարդալ Խորենացի՛: Միտքը մեխվեց ուղեղիս մեջ, և, իրոք, երբ սկսեցի խորությամբ ուսումնասիրել Հայկի պատմությունը, տեսա, որ քերթողահայրն իր մի-մի նախադասություններով հաճախ ավելին է ասում, քան ուրիշներն իրենց երկար պատումներով: Օրինակ՝ գրում է, թե Հայկը հայրենիք վերադարձավ Բաբելոնի աշտարակի կործանումից հետո:

Հարց է ծագում, իսկ ովքե՞ր և ե՞րբ էին գնացել Բաբելոն: Շատ պատմաբանների ուղղեցի հարցս, բայց ոչ մի ստույգ պատասխան չստացա: Հետո, երբ պարզեցի, որ աշտարակի շինարարությունը տևել է 43 տարի, եզրակացրի, որ Հայկը միայնակ չի եղել. նրա հայրը և պապը նույնպես մասնակցել են Հին աշխարհի այդ հզորագույն կառույցի կերտմանը: Ճիշտ է, 43 տարվա ընթացքը ես գեղարվեստորեն սեղմեցի, տեղավորեցի մեկ տարվա մեջ, բայց հառնեց հաջորդ հարցը. իսկ Հայկի պապը ինչո՞ւ պետք է Հարանց երկրից ընտանիքով գնար, հասներ Բաբելոն՝ ուրիշի համար աշտարակ կառուցելու, երբ հենց այստեղ՝ մեր հողում, Աստծո հետ խոսելու բնական աշտարակներ ունեինք՝ մեր բարձրիկ լեռները, և դրանց մեջ՝ Արարատը…

Նույն հարցը արդյոք չե՞նք տալիս նաև այսօր, չե՞նք ասում՝ ախր ո՞ւր են գնում հայ տղամարդիկ, եթե մեր երկրում կառուցելու ու ստեղծելու այսքան պահանջ կա: Այսպիսով, օտարի հող գնալը, այլոց օգնելը և հատկապես կառուցելը մեր մեջ նստած է վաղուց. շատ հուշարձաններ կրում են հայ շինարարների անունները, իսկ Հայկի մասին տարբեր աղբյուրներ նշում են, որ նա եղել է կառույցի հսկիչն ու ղեկավարը:

Մեկ այլ կարևոր հարց, ի՞նչ լեզվով էին խոսում հեռուներից եկած մարդիկ: Ըստ իս՝ բոլորն էլ իրենց լեզուներով պետք է հավաքված լինեին Բաբելոնում: Գրականությունն ու պատմությունը այստեղ քայլում են կողք կողքի: Ես պետք է հարգանացս հավաստիքը հղեմ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանին՝ հայոց հողի 2 միլիոն տարվա քարեդարյան մշակույթը ներկայացնելու համար: Հիմա՝ հարց. ինչու՞ ենք լեզվի պատմությանը ընդամենը 5-6 հազար տարվա տարիք տալիս: Որքան մարդու տարիքն է, այնքան էլ լեզվինը պետք է լիներ: Մարդիկ հո չէի՞ն կարող համր մնալ հազարավոր տարիներ կամ էլ տարբեր վայրերում ապրելով՝ խոսել նույն լեզվով: Աշտարակի փլուզման ժամանակ՝ մահվան աչքերին նայելիս, մարդիկ պետք է աղաղակեին իրենց լեզուներով, իսկ Աստծո զայրույթը՝ հողմ-փոթորիկով աշտարակը կործանելը, պարզապես բնության պատիժն էր մարդ արարածի ժլատության դեմ: Աղբյուրներն այս մասին ասում են, որ աշտարակի ներսում դրված Մարդուկ աստծո արձանը, զարդարված թանկարժեք քարերով, մարմնավորել է Բելին: Եզրակացությունս այն է, որ Բելը արժեքների անթույլատրելի տեղաշարժ է կատարել, այսինքն՝ արձանի անգին գոհարեղենի դիմաց աշտարակի քարը փոխարինել է ամենաէժան նյութով՝ հում աղյուսով, ինչի մասին վկայում են նաև պեղումները:

- Հետաքրքիր է, մարդ իր կյանքում երբեմն հասնում է մի այնպիսի հանգրվանի, որ հասկանում է, թե այն, ինչ ինքը հավաքել է տևական ընթացքում, հատուկ իր դեմ հանկարծ հառնած մի շատ կարևոր գործի համար է եղել: Այդ զգացողությունն ինքնին պատասխանատվություն է ձևավորում գործի հանդեպ, որը, հասկանում ես, որ դու պիտի իրագործես: Այն, ինչ ներկայացրել ես գրքի կարճախոս, բայց տարողունակ դրվագներում, այդ տպավորությունն է թողնում: Թե՛ բովանդակային, թե՛ զգացմունքային կուտակված տեղեկատվություն է գրքում, որից բխում է այդ ամենը որպես դասագրքային իմացություն նոր սերունդներին փոխանցելու պահանջը: Հետաքրքիր փաստ է մեր օրերի համար գրքի քննարկումների լրջությունը, որ տեսնում ենք տարբեր լսարաններում ձեր ունեցած հանդիպումների ընթացքում:

- Տարբեր միջավայրերում կազմակերպվող հանդիպումները կարևոր են Ձեր նշած տեսանկյունից, քանի որ կարողանում եմ անմիջաբար լսել ընթերցողի կարծիքը և տալ հուզող հարցերի պատասխանները: Օրինակ՝ շատերը զարմանում են, որ Բելը եթովպացի էր, քանի որ ըստ պատկերացումների՝ պետք է լիներ բաբելացի: Շատերի համոզմամբ Հայկն ու Բելը անգամ հեռավոր եղբայրներ պետք է լինեին, մեկը` Հաբեթի, մյուսը՝ Քամի ցեղից: Այստեղ կրկին լույս սփռողը Խորենացին է: Հերոսների ծագումնաբանությունը ասորական և հունական աղբյուրներով քննելիս նա գրում է. «Մեստրայիմին իբրև Նոյից չորրորդ և Քամից երրորդ նշանակված չենք գտնում որևէ ժամանակագրի կողմից… Այդ Մեստրայիմը Մեծրայիմն է, որի տակ հասկացվում է Եգիպտոսը: Եվ որովհետև ժամանակագիրներից շատերը գրում են, թե Նեբրովթը, այսինքն՝ Բելը եթովպացի է եղել, մենք համոզվեցինք, որ իսկապես այսպես է եղել Եգիպտոսի և Եթովպիայի սահմանակցության պատճառով»:

Մյուս հարցը: Խորենացու նշած երկաթե եռաթև նետի, երկսայր թրերի և պղնձե լանջապանակների մասին պատկերացումներս հաստատվեցին, երբ նպատակային նորից այցելեցի Մեծամորի թանգարան և տեսա 7 հազար տարվա քաղաքակրթության արգասիքները: Պարզվեց, որ Մեծամորը եղել է տարածաշրջանի ամենամեծ մետաղաձուլարանը, և որ Միջագետքից առաջ այստեղ (նաև Վանա լճի շրջանում) մետաղի առաջադեմ արտադրություն է եղել: Պատկերացրեք՝ միայն 12 տեսակի բրոնզ են ստացել, ոսկու, արծաթի, երկաթի տարբեր համաձուլվածքներ, և ուրեմն Հայկը եկել է ոչ թե դատարկ մի վայր (ինչպես ենթադրում է Աստվածաշունչը՝ նշելով առհասարակ անմարդաբնակ երկրի մասին), այլ հարուստ մի հող, և տեր է կանգնել իր ապուպապերի շեն երկրին: Նա Բաբելոնից ավելի զարգացած, երկաթ արտադրող երկիր է եկել, այլապես ինչո՞ւ պիտի գար, եթե չէր հաղթելու թշնամուն:

- Ուրեմն պատահական չէ, որ դու գիրքն ավարտում ես Հայկի ժառանգների հաղթարշավով:

- Միանգամայն իրավացի եք: Հայկի հզոր զարմը շարունակել է նրա գործը, և ես ուզում եմ, որ այս մասին իմանա ամեն մի հայ: Խորենացին անուն առ անուն նշում է, որ Հայկի հինգ սերունդները գծել են Հայաստանի կենտրոնական շրջանը. Արամանյակ որդին Հայոց ձորի կամ Վանի տարածքից բարձրացել է մինչև Արագած, Ամասիա թոռը հասել է Արարատին, լեռը կոչել նաև իր անունով՝ Մասիս, ծոռը՝ Գեղամը, հաստատվել է Սևանա լճի տարածքում, կոռը՝ Սիսակը, իջել է Սյունիք, իսկ ծոռան թոռ Գառնիկը հիմնել է Գառնի դաստակերտը: Գառնիկի թոռ Արամը, այսինքն՝ Հայկի 7-րդ սերունդը, երկրի սահմաններն ընդարձակել է դեպի տաք ծովեր, և մեր երկիրն իր անունով սկսել է ճանաչվել նաև որպես Արմենիա:

- Շատ ընթերցողներ խոստովանում են, որ առաջին անգամ քո գրքից իմացան նաև վրաց-կովկասյան պատմություններ:

- Այս հարցում ինձ ուղղորդեց գրքի խմբագիր Վահագն Սարգսյանը, և ես անսահման շնորհակալ եմ նրան, որովհետև 10-րդ դարի վրաց հեղինակ Լեոնտի Մրովելիի էպոսից օգտվելով՝ անդրադարձա նաև Հայկի յոթ եղբայրներին (ի մասնավորի՝ Քարթլոսին և Կովկասին), որոնք Թորգոմյան ցեղի տիրապետությունը հասցրել են Կովկասյան լեռների տարածք և իրենց անվամբ հիմք դրել յոթ ազգերի: Ավելին՝ գրքի տպագրումից առաջ ես հատուկ ճամփորդեցի դեպի Ռուսաստան, որպեսզի Կովկասյան լեռները տեսնելով՝ էլ ավելի պարզ պատկերացում կազմեմ մեր ազնվական տոհմի, մեր հզոր նահապետների մասին, և այդտեղ արդեն լիարժեք հասկացա այն հուժկու կռվի թափը, որ Հայկն իր քաջասիրտ եղբայրների, որդիների ու թոռների հետ մղել է Բելի երկնադեզ հսկաների դեմ և տոնել փառահեղ հաղթանակը:

- «Նրանք՝ Թորգոմ հայրը և Թիրաս պապը, շատ տխուր էին»,- գրում ես ու ճիշտ, նրբին խորքեր ես բացում: «Ո՞նց են ապրել այս մռայլ երկրում»,- խորհրդածում են հայր ու որդի Հայկն ու Արամանյակը: Շատ կարևոր էր՝ նկատեցի, որ դու համարյա ամեն էջում կոդեր ես բացում, այսօրվա հայ մարդու համար խիստ անհրաժեշտ, հիմնավոր ու բնութագրական ուղերձներ: Հայկը շինարար է, բարեխիղճ, ազնիվ իր աշխատանքում և, ընդհանրապես, ամեն ինչում: Նա գեղեցիկ է, հաղթանդամ, քաջ, հարեհաս: Բաբելոնի աշտարակի անկումը ասես ջրհեղեղի իրողությունը լինի: Եվ այդքան մարդկանց խառնամբոխում Հայկը տարբերվում է, բայց ոչ թե ցուցամոլական, պաթետիկ, առասպելական հատկանիշներով, այլ որպես սովորական մարդ, որով իր նախնիների, իր ցեղի հավաքական կերպարն է ամփոփում: Նա վստահաբար գիտի, որ սուտը, սխալը, ինքնահիացումը ավերածություններ են բերում: Ահա, չթրծված աղյուսով աշխատանքն արագացնելու Բելի «հնարամտությունն» իրապես կործանում է աշտարակը: Անբարեխիղճ աշխատանքը կյանք չունի, և Հայկը, հեռվից դիտելով այլանդակված կառույցը, կանխագուշակում է, որ գարնան անձրևները կփլեն այն. «Մի՞թե չգիտես, որ աշխարհում ոչ մի անճոռնի բան կանգուն չի մնում»,- ասում է նա: Գիրքը երկրորդ անգամ ընթերցելիս ես նկատում կոդերը: Հրաշալի է, որ հեղինակն ամեն միջոց գործադրել է, որ մենք հասկանանք Հայկին ու բարեբախտություն ունենանք նրա ամեն ինչում տեսնելու մեզ: Շատ հաջող աշխատանք է, և դրա ապացույցն է, որ ուզում ես նորից կարդալ, գտնել, զգալ նախասկիզբը: Շարադրանքն այնքան անպաճույճ է և անվերամբարձ, առասպելական բարձունքներից իջեցված մարդկային սովորական ու հավերժական խնդիրներով միջավայր, որ ընթերցողին չի շլացնում հերոսին անվերապահորեն մեծարելու մարմաջը, այլ նրա մեջ որոնում է նախասկիզբ կերպարի բնութագրերը, որոնք պիտի նաև իր սեփական անձի մեջ գտնի, տեսնի, հպարտանա:

- Անչափ զգացված եմ գլխավոր հերոսին այսպես ներկայացնելու համար, սակայն այստեղ մի ուրիշ բանալի էլ կա՝ ինձ համար թանկ մի կերպար, որ իր կարճ մուտքով բազմաթիվ հարցեր է լուծում: Դա մեր բնաշխարհի մարդն է՝ դարբին Հրահատը: Ինձ թվում է՝ առանց այսպիսի անհատի, այսինքն՝ կապող օղակի, վերադարձի հարցը չէր լուծվի: Եթե ինչ-որ մեկը նպատակադրված չգնար Բաբելոն և, այսօրվա պատկերացմամբ ասած, նոր տեխնոլոգիայով՝ երկաթով, չբորբոքեր Հայկի երևակայությունը, հսկաների մեջ հզորագույն Հայկն արդյոք չէ՞ր մնա բաբելոնյան ճահճում: Չէ՞ որ նա տեղում էլ կարող էր լուծել Բելի հարցերը… Եվ այստեղ ոչ մի չափազանցություն չկա. նույնն էր երեկ, նույնն է և այսօր: Միայն պետք է քաջություն ունենանք խոստովանելու, թե որքա՜ն երևելի մարդիկ ենք կորցնում օտար ափերում, քանի որ չենք կարողանում Հրահատի նման տուն կանչել ու ցույց տալ մեր երկրի առավելությունները: Մեզ միշտ խորհրդատու մի իմաստուն, մի Ձենով Օհան է պակասում, որ սխրանքի մղի հզորներին: Այստեղ է նաև, որ Հայկ դյուցազնը առասպելի հերոսից իջնում է ներքև, դառնում մեզանից մեկը, քանի որ ականջալուր է լինում կանչող ձայնին, սրտի ցավ է զգում, կարոտում, ոգևորվում…

- Այո, և դու Հայկին որպես սովորական մարդ ես ներկայացնում: Դա, թերևս, ժամանակի պահանջն է: Մենք սովոր ենք պատերազմի հերոսներին առասպելական դարձնել, բայց այսօր կարծես հակառակի կարիքը կա. անցյալի առասպելնե՛րը պետք է սովորականացնենք: Գրքիդ հերոսները անընդհատ շարժման մեջ են, հարցեր են քննարկում, կիսվում են մտքերով: Ահա հայր և որդի զրուցում են, կարծիքներ փոխանակում, կոխ են բռնում, ու շատ հաճելի է այդ թեթևությունը: Առասպելի հերոսը անմատչելի կերպար է մնում, իսկ սովորական մարդկային կերպարով ներկայացված Հայկ-առասպելը մոտիկ ու մտերիմ է դառնում ընթերցողին: Եվ սա շատ կարևոր է հատկապես երիտասարդների ու երեխաների համար:

- Միանգամայն իրավացի եք. առասպելական հերոսները անմատչելի են լինում ու դրանով էլ՝ մեր սրտերից հեռու: Բայց այստեղ նույնպես Խորենացուն եմ պարտական, քանի որ պատմահայրն ինքն էլ մտերմիկ շունչ է դրել հերոսին կերտելիս. «Այս Հայկը վայելչակազմ էր, թիկնավետ, խիստ գանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով»… Ինձնից մի փոքր խիզախում էր պահանջվում, որպեսզի խայտակն այդ հսկան իսկապես իջներ հողին, մարդեղանար, և ես գնացի այդ քայլին, որպեսզի առասպելի փոխարեն կենդանի ու շնչավոր օրինակ ունենանք:

Խորենացուց սովորեցի նաև կարճ գրելու դասը: Նա մի-մի նախադասությամբ շատ բան է ասում և ջանք չի թափում մտածելու՝ կհասկանա՞ն իրեն արդյոք:

- Քո գրքում էլ շատ տեղեկույթ կա: Իսկ միևնո՞ւյն է՝ կհասկանան արդյոք:

- Ոչ, իհարկե: Կուզենայի, որ ընթերցողը խորանար բազմաշերտ հարցերի մեջ: Օրինակ, շատերը կզարմանան. այդ ինչպե՞ս է, որ ամբողջ աշխարհում դեռ բրոնզի դար էր, իսկ Հայաստանում երկաթ էին ձուլում՝ բոլորին անհայտ մի բան: Հարցը սրբազան գաղտնիքը պահելու մեջ է, որ կարևոր է նաև այսօր, քանզի թշնամուց միշտ էլ պետք է զգուշանալ: Իմ հերոսներից Հուրշատը երկաթե դանակը ծոցում պահած է հասցնում Հայկին:

Հաջորդ հարցը. իսկ ինչպե՞ս էին հալում երկաթը: Չէ՞ որ դրա համար 1600-ի հասնող ջերմաստիճան է պետք: Այստեղ ինձ օգնության հասավ տեխնոկրատ ընտանիքս: Քիմիկոս մայրս և երկրաբան եղբայրս միացան, բոլորով անցանք պրպտումների, որ մասնագիտական ճշգրտությամբ հասնեինք եզրակացության:

Մեծամորում ցույց են տալիս հատուկ սպիտակ սալիկներ (կավի հետ հունցած ոսկրափոշի), որոնց այրումից թեժ կրակ է ստացվում: Բայց մենք այնտեղ տեսանք նաև կավե խողովակներ, և եղբայրս եզրակացրեց, որ գյուտարար դարբինները այդ խողովակներով հետ են դարձրել սև, թանձր ծուխը, կրաջրով զտել մուրը և այրվող գազերը (մեթան, էթան…) նորից մտցրել քուրայի մեջ: Դրանից ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է, ու երկաթը հալվել է կարագի պես: 4-5 հազար տարի առաջ այսպիսի բարդ տեխնոլոգիա…

- Իսկ դարբիններն ինչո՞ւ պետք է ուզենային, որ Հայկը վերադառար իրենց երկիր, մի՞թե չէին վախենում ավելորդ մրցակցությունից:

- Այստեղ ազգային բնավորություն է բացահայտվում: Դարբին Հրահատի ասածից երևում է, որ ստեղծագործող մարդը միշտ էլ պաշտպանության կարիք ունի: Առհասարակ, երկիրը պաշտպանվելու կարիք ունի, և որպեսզի գյուտարար վարպետները աշխատեին, հզոր ու հայրենասեր մեկը պետք է պաշտպան կանգներ նրանց բարդ աշխատանքին:

- Նույն էջում Հայկի շուրթերով հնչում են նաև մեզ համար բախտորոշ հարցեր. «Իսկ ինչո՞ւ եք պաշտպանվում, ինչո՞ւ չեք հարձակվում»:

- Դրանք, թվում է, բխում են ինքնաբուխ, բայց խորքում ծանր խոհ ունեն… Երբ դարբին Հրահատը ներկայացնում է տների կառուցման ձևը (որը մենք տեսնում ենք վաղնջական ժամանակներից մնացած կիկլոպյան բնակավայրերում, օրինակ՝ Սևանա լճի ավազանում), հասկանում ենք, որ 3-4 տուն բարձրացրել են մի շրջանի մեջ, թիկունք թիկունքի կպած, որ հեշտ լիներ թշնամիներից պաշտպանվելը: Հենց այստեղ էլ հառնում են Ձեր հիշատակած հարցերը. «Իսկ հաճա՞խ եք պաշտպանվում, ի՞նչն է խանգարում, որ հարձակվեք»:

Հեղինակը սրանով իրեն դժվար կացության մեջ է դնում՝ պատասխանելու մեկը մյուսից բխող ծանրագույն հարցերի, բայց պատասխանը հնչում է միանգամից ու շատ կարճ. «Մենք գողության սեր չունենք: Քրտինքով ենք ստեղծում հարկավորը»:

- Ստացվում է՝ աշխատանքը խանգարո՞ւմ է երկիր պահելուն:

- Առանց առաջնորդի՝ այո: Մանանայի երկրում էլ ապրես, եթե միայն քո գործն ես սիրում և գլուխդ կախ քո աշխատանքն ես անում, միևնույն է, մի օր ամեն ինչ կկորցնես: Երկիրն առանց հսկող հայացքի չի կարող ապրել: Երկրին Հայկ է պետք, իսկական առաջնորդ, որ սեր ունենա հայրենի եզերքի հանդեպ, կամք ու հզորություն, և հարկ եղած դեպքում ի՛նքը գործածի դարբինների ստեղծած երկաթը, ինքը արձակի եռաթև նետը: Մի խոսքով, արդիական վիճակ, որի արմատները մեր պատմության սկզբում են:

- Պետք է ասեմ, որ կարծիք լսեցի, թե երկրորդ գլուխը՝ «Հայկի հաղթանակը», ավելի սրընթաց ու հեշտ է կարդացվում: Համամի՞տ եք:

- Միանգամայն բնական եմ համարում: Նետի օրինակով եթե բացատրելու լինեմ, ապա պետք է ասեմ, որ խոսքը նույնպես թափ առնելու կարիք ունի, այդպես չէ՞: Մինչև նետն արձակելը գրողն ինքն էլ պետք է կարողանա ամուր կանգնել հողին և ճիշտ լարել իր «լայնալիճ աղեղը»: Ասել կուզեմ, որ առաջին գլուխը՝ իր բոլոր հարցադրումներով, լուրջ հետազոտություն է հաջորդ գլխի համար:

- Հետազոտության առթիվ ուզում եմ ասել, որ քո օգնական ուժերը՝ դարբինները, Հայկին օգնում են համեմատել երկու երկրները: Մի տեղ Հաբեթի որերորդ սերունդը զբաղված է կառուցելով, իսկ հեռավոր հայրենի եզերքում ամուր մնացած մարդիկ հրաշագործություններ են կատարվում: Համեմատությունը շարժիչ ուժ է: Ուղերձները շատ ճշգրիտ են: Ներկայում աջուձախ ասում են, թե մենք, գոյապայքարի դարեր անցնելով, կորցրել ենք մեր գիտելիքները: Հասկացանք: Բայց, ինչպե՞ս ենք տիրապետում այն պատկառելի ռեսուրսին, որը գերագույն արժեք է երկրի համար: Հայաստանի ռեսուրսը հայ մարդն է: Սակայն եկեք նայենք շերտերի խորքը. ի՞նչ վիճակում է հայ տղամարդը: Ամենաիրավազուրկն է երկրում: Հայ տղամարդու հանդեպ վերաբերմունքը արմատապես պետք է փոխել ու նրա ողջ առանձնահատուկ ներուժը լիարժեք տնօրինել ի՛ր երկրի համար: Թիկունքը այրազրկել չի կարելի, մինչդեռ տասնյակ հազարներով նրանք օտար երկրներում բանելու են չվում՝ տան անելիքը անտեր թողած: Ինքդ հարցը քննում ես նախահայր Հայկի գերդաստանի օրինակով, գրում կարճ, դիպուկ, ենթաշերտերով, ժամանակակից պահանջին համահունչ: Եվ ցույց ես տալիս, որ նույնիսկ մեզ համար առասպելական այդ հերոս այրը իր պապի, հոր կայացրած որոշման պատճառով մինչև 50-55 տարեկան դառնալը հայրենիքից դուրս է արարել:

- Սա հազարավոր տարիների խնդիր է, ինչպես ինքներդ եք նշում՝ մեր սերնդի առաջ կանգնած ծանր մարտահրավեր, որ հստակ լուծում է պահանջում երկրի փրկության համար: Մեզ հասած հիշատակները և անունները մեկտեղելը թույլ է տալիս, որ զգանք ժամանակաշրջանը, մեզ համարենք նրանցից մեկը և նրանց նման ինքներս էլ խիզախենք: Տանջող ցավը, թե ինչո՛ւ պիտի Թիրասը, Թորգոմը, Հայկն ու Արամանյակը օտար հողում կառուցեին մի աշտարակ, որ Բելի մեղքով փլվեր, ստանում է իր արդարացումը, քանի որ դրանից հետո են վերադառնում պապերի երկիր, ձուլում եռաթև նետերը և հզոր հաղթանակ տանում Բելի դեմ, իսկ իրենցից սերող բազում հայկազուններն այստեղ են շենացնում ու ծաղկեցնում Հայկի երկիր Հայաստանը:

Կարծիքներ եմ ստացել, թե սրընթաց զարգացող կարճ վիպակը պետք է վեպ դարձնել:

- Ես կասեի՝ սա արդեն իսկ հրաշալի սցենար է և թատրոնի բեմ պիտի բարձրացնել: Միտք եկավ նաև, որ Կարլեն Նուրիջանյանի հեղինակած Հայկ Նահապետի արձանի տեղը Երևանի սրտում է՝ Հանրապետության հրապարակում: Ի դեպ, երբ այդ մասին գրառում արեցի, մի երիտաարդ աղջիկ ավելացրեց, թե նետը պիտի ուղղված լինի դեպի թշնամին: Հարցնում եմ՝ դեպի ո՞ր թշնամին: Աղջիկը ելքը գտնում է՝ առաջարկելով 360 աստիճանի պտույտը:

- Նուրիջանյանի արձանը դինամիկ շարժման մեջ է: Հայկի նետն արդեն իսկ արձակված է, իսկ թշնամին՝ խոցված, և սա հրաշալի լուծում է: Կարևոր է նաև Հայկի կանգնելու ամուր դիրքը: Նա իր ժայռեղեն, պինդ հողի վրա է, իսկ օտարության մեջ այդպես չէր կանգնի և գուցե կործանվեր, ինչպես իր ուղղախոս ընկերները: Խորենացին մի նախադասությամբ սա էլ է ձևակերպել. «Այս ժամանակ ամեն մի մարդ, խելագարված, սուրն ընկերոջ կողն էր կոխում, ձգտում էին մեկը մյուսի վրա տիրելու, և Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և բոլոր երկիրը գրավել»:

- Դու Բելի կողմից երկու այդպիսի սպանություն ես ներկայացնում, ընդ որում, երկրորդը՝ Խորենացու նկարագրածի պես՝ տեգը կողը խրելով:

- Դեռ գրքի սկզբում ասորի երկու ծերակուտականի վեճ եմ ներկայացնում, որոնցից մեկը՝ Շամբատը, իր սուր լեզվի պատճառով կարող էր սպանվել մտերիմ ընկերոջ ձեռքով, եթե Հայկը չմիջամտեր: Աասորիներին ճանաչողը սա լավ կպատկերացնի, քանի որ հիմա էլ նրանք աններող ու քննադատ են միմյանց հանդեպ: Այժմ եկեք սրալեզու Շամբատին տեսնենք Բելի հանդիման: Մի՞թե Բելը կհանդուրժեր հակաճառությունն իր դեմ` հրապարակային ելույթներում: Իհարկե, ոչ: Եվ եթե նախկինում նա գաղտնի էր գործում,- հիշենք Մուշտուկի սպանությունը թիկունքից,- ապա վերջում, երբ դիրքերն ամրացրել է, Շամբատին կսպանի հենց ժողովարանում` լռեցնելով հետագա ընդվզումները:

- Այս անցուդարձերի ֆոնին Հայկն առավել խոհեմ ու ծանրակշիռ է երևում, այսպես ասած` իր արժանապատվության գինն իմացող: Հիշենք գրքի առաջին դրվագը, երբ նա մեն-մենակ հետ է դարձնում հեղեղի պես գրոհող սովահար ամբոխին: Ինչի՞ց է, որ բոլոր հարցերում մենք վստահում ենք Հայկին:

- Հայտնի ճշմարտություն է, որ դրական հերոսի կերպար ստեղծելն առավել դժվար է, սակայն հենց առաջին տողերից, երբ ինքս զգացի Հայկի բարեհոգի վեհությունը, ներքին վախս հաղթահարվեց: Ձեր նշած տեսարանից արդեն իսկ գծագրվում են Հայկի հետագա հաղթանակները, քանի որ հնարագետ մտքով ու բարի խոսքով նա կարողանում է դուրս գալ անելանելի իրավիճակից և սանձել ալեկոծ ամբոխին: Այս հաղթանակի անունը եկեք դնենք ինչ կուզեք՝ խոհեմություն, ուժ, հեռատեսություն, բայց գլխավոր արժեքը երևի կմնա բարությունը, քանի որ բարությունը Հայկի ամենաբնութագրական հատկանիշն է: Նա բարությամբ կանգնեց ամբոխի դեմ, բարությամբ կշտացրեց հազարավոր սովյալներին, բարությամբ փրկեց իր սրախոս ընկերոջը, բարությամբ դիմավորեց հարազատ եզերքից եկած դարբիններին, պատրաստակամ գնաց վերականգնելու Տիգրիսի քանդված ջրանցքները և վերադարձին, երբ տեսավ աշտարակի այլանդակված գլուխն ու հասկացավ իրեն հեռացնելու պատճառը, իմաստուն որոշում կայացրեց: Ի վերջո, Հայկը բարությամբ էլ թողեց-հեռացավ Բաբելոնից, մինչդեռ հենց տեղում կարող էր ոլորել փառատենչ Բելի վիզը: Այստեղ մի կողմից ցավ ես ապրում, որ Բելի նմանների հարցը չլուծելու պատճառով պատերազմն «իր ոտքով» գալիս-հասնում է մեր երկիր, մյուս կողմից էլ խորհում ես, որ մի զարկով մենք լռեցնում ենք թշնամուն…

- Անշուշտ, այդպես է, և Հայկ Նահապետի կերպարը հենց իր պայքարի ոգով է հոգեհարազատ մեծից փոքրին: Նա ոգեշնչման աղբյուր է, նմանակման արժանի հերոս և այս գործի շնորհիվ ավելի դյուրին կընկալվի, որովհետև աշխույժ, ակտիվ գործողությունների ու բարոյական դասերի միջից հառնող դյուցազուն է: Նա գերդաստանի հոգածո ավագ է, և սա այնքան մարդկային լեզվով ու պատկերավոր սյուժեով է հասցվում ընթերցողին, որ երիտասարդության համար շատ մատչելի ուսումնական դասընթացի է վերաճում: Ու նաև՝ գրականությունն իր վրա վերցնում է առաջնորդ ուսուցչի պատվավոր դերը: Հիանալի է, որ այն զերծ է ցուցամոլ պերճանքներից ու հեղինակահմա պաճուճանքներից: Փոխարենը ուշադրություն է հրավիրում ազգի համար առանցքային հարցերի ու բնավորության հատկանիշների վրա: Ի՞նչ կասեք հայ- որդի-թոռ հարաբերությունների մասին:

Այս գիծը, կարելի է ասել, առանցքային դարձավ գրքում, որովհետև ամեն քայլափոխի համոզվեցի, որ ամուր ընտանիքն էր Հայկի ամենամեծ հենարանը: Արամանյակն ու Կադմոսը պատկեր առ պատկեր սիրելի կերպարներ դարձան նաև ինձ համար, քանի որ հասկացա, որ նրանք Հայկի նմանակն են եղել: Խորենացին գրում է, որ երկրի դարպասը՝ դեպի Միջագետք տանող մասը, Հայկը վստահում է թոռանը՝ Կադմոսին, և պատերազմական ավարի մեծ մասը նրան տալով՝ ուղարկում Կորդուք: Մի՞թե սա չի նշանակում, որ ամենաբարդ գործի համար նա ընտրում է իր ամենահզոր ու վստահելի ժառանգորդին, որի անունը, ցավոք, պատմության հետագա շարունակության մեջ չի հոլովվում…

- Բայց դու նաև հակադրություններ ես ստեղծել հայր-որդի, պապ-թոռ հարաբերությունների մեջ:

- Այո, դա անխուսափելի էր, որովհետև հայրեր և որդիներ գծի մեջ հակադրվելը նույնպես «պարտադիր է»: Վճռորոշ մարտից առաջ պապ ու թոռ հանկարծ վիճում են: Կադմոսը հրաժարվում է կռվել Հայկի նշած տեղում՝ հոր կողքին: Ամեն ինչ կարող էր զարգանալ այնպես, որ նրանք, թշնամուն մոռացած, բախվեին ու սպանեին իրար, և Բելին այլևս ոչինչ չմնար անելու: Սակայն այդպես չեղավ, քանի որ Հայկը դրսևորեց իր ցեղին վայել զուսպ բնավորությունը, ակնթարթի մեջ անգամ համբերության դաս տվեց տաքարյուն թոռանը՝ նրան տրամադրելով զղջման և ավելի մեծ խիզախումների:

- Գուցե հենց սա՞ է միասնականության բանալին: Սրանով կարծես դու նորից ուղերձ ես հղում քո ընթերցողին:

- Ճիշտն ասած, երկար եմ մտածել միասնականության հարցի շուրջ, և եկել եմ այն համոզման, որ զուտ խոսքով ու հորդորով ոչինչ չի լինում: Միասնականությունը համախոհներիդ քո դաշտ բերելու, քո ուղղությամբ նայել տալու ծանր աշխատանք է: Այն պահին, երբ հայր ու որդի՝ Հայկն ու Արամանյակը, տարիների երկա՜ր լռությունից հետո գրկախառնվում ու լացում են, հետո էլ իբրև հաշտության կնիք՝ կոխ են բռնում ու քրքջալով տապալվում գետնին, հասկանում ես, որ արդեն միակամ ու միասնական են, և նրանց այլևս ոչինչ հաղթել չի կարող: Ինքս այս դրվագից ի վեր շատ եմ սիրել իմ կերպարին՝ Հայկի թևութիկունք Արամանյակին, ու թեև նրան մի «կես քայլ» պակաս եմ ներկայացրել Հայկից (բազկամարտի ժամանակ նա պարտվում է), միևնույն է, ցույց եմ տվել, որ կապող օղակը ինքն էր, և իր նվիրվածության շնորհիվ է ամբողջ ցեղը դարձել միասնական:

- Վերջին հարցս, բնականաբար, պետք է վերաբերի պատերազմին և Հայկի հաղթանակին: Դժվար չէ՞ր արդյոք ռազմի տեսարններ ներկայացնելը:

Հաղթանակի բուն պատմությունը սկսվում է ավելի վաղ՝ երազի դրվագով, որտեղ Հայկը քարով ջախջախում է հսկա մի քարադոդոշի՝ դուրս թափելով նրա աչքը: Այս պատմությունից թև առած թոռները սկսում են հավատալ, որ Հայկը իրականում էլ Բելի ա՛չքը պիտի շամփրի, ոչ թե կուրծքը, ինչպես լինում է սովորաբար: Հոգեբանական այս իրավիճակը նախապատրաստելուց հետո ռազմի դրվագները գրվեցին ավելի վստահ, քանի որ ես էլ մտքիս մեջ տոնեցի մոտալուտ հաղթանակը և պատկերացրի Խորենացու նկարագրած այն սեպ-զորքը, որի գլուխ կանգնած էր Հայկը:

Այստեղ նույնպես բազում հարցականներ առաջացան: Մինչև նետի հարվածին հասնելը պետք էր լրացնել թրերով ու նիզակներով կռվելու ժամանակահատվածը: Արսեն Բագրատունին իր «Հայկ դյուցազնում» սարսռազդու տեսարաններ ունի, սակայն չի խոսում առաջին րոպեների ու առաջին հարվածների մասին: Այդժամ ինձ օգնության եկավ Հայկի հաղթ հասակը: Պատկերացրի, թե մեր նահապետը՝ առանց պաշտպանիչ հանդերձանքի ու սաղավարտի, հատու հարվածներով ոնց է հունձ արել, ոնց է մխրճվել թշնամու շարքերը՝ միաժամանակ ականջը պահած որդիների ու թոռների ձայներին: Բայց Հայկը նաև մարդասեր էր: Նա պետք է զզվեր իր ոթած տաք արյունից և գետին հասնելով՝ անմիջապես լվացվեր՝ ի տարբերություն մեր բորենի թշնամիների, որոնք հաճախ իրենց հաղթանակները արնախմությամբ են ավարտել և նույնիսկ գրել այդ մասին՝ փաստելով ներսում նստած գազանային հակումները:

- Այո, ծանր գործ է մահվան տեսարաններ ներկայացնելը, բայց դու նաև դա ես հաղթահարել՝ գրելով. «Ելքը կռվելն էր»:

- Եթե թշնամին չի ալարում, գալիս հասնում է քո հողը, հայտնվում տանդ շեմին, դու էլ մտածելու ոչինչ չունես, պիտի գործես անողոք և առանց երկմտելու: Ես բացարձակապես չեմ հասկանում նրանց, ովքեր հեռվից հեռու սկսում են խղճալ ու… սիրել թշնամուն: Մի՞թե դա մտածելու ձև է: Դա ուղղակի անպատվություն է, ոչ թե տղամարդու կեցվածք: Եվ սա է պատճառը, որ ի սկզբանե, նկատի ունենալով անհարկի «փափուկներին», հայր ու որդու զրույցը ձևակերպել եմ այսպես.

- Դու վաղը կշամփրես Բելին:

- Աչքս էլ չեմ թարթի:

Հենց այդպես՝ առանց աչքը թարթելու էլ Հայկը քաշում է իր լայնալիճը և շամփրում նրան, ով լավ սպառազինված էր, լանջապանակներով պաշտպանված ու դրանիկներով շրջապատված: Ընդ որում, Հայկը Բելին շամփրում է բավականին ներքևից, քանի որ Խորենացին գրում է, թե Բելը զարհուրեց և սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր: Այստեղ հարկ եմ համարում նշել, որ նկարիչները նույնպես պետք է սովորեն Խորենացի կարդալ, քանի որ ո՛չ 19-րդ դարի իտալական և ո՛չ էլ արդի հայկական նկարներում Հայկի դիրքը ճիշտ չի պատկերված: Հայկը եղել է բլրի ստրոտում, որտեղից, անտարակույս, ավելի դժվար էր խոցելը, բայց խոցումը կատարվել է թափանցումով: Եռաթև նետը անցել է Բելի մարմնով ու խրվել հողի մեջ: Ահա՛ ցասումի ուժը:

- Դու ավելացրել ես, որ նետի ծայրին նաև թոքի կտոր կար:

- Այո, գեղարվեստը թույլ է տալիս հիպերբոլի դիմել, և տվյալ դեպքում սա արդարացվում է, քանի որ աչքը հանելու տեղ գոնե թոքը պիտի դուրս գար:

- Իսկ ներկա սերնդի մեջ կա՞ն այդպիսի կերպարներ՝ հզորներ ու շամփրողներ:

- Իհարկե: Անտարակույս: Մի փոքր հավատ ու վստահություն, և մեր պատմության կորը նորից դեպի վեր պիտի բարձրանա: Էլ ի՞նչ թոռներ, որ չգերազանցեն պապին:

- Դե, ուրեմն այս լավատեսությամբ էլ ավարտենք հարցազրույցը և սպասենք մեծ հաղթանակների: Բարի երթ «Հայկ Նահապետին»:

ԷԿՈՆՈՄԻԿԱ, 2023, 44

2023-01-12 14:00