Հայերեն

Ամեն օր՝դեպի անհայտություն՝ հանուն հացի

մի փոքր հատված անավարտ ու դեռևս անվերնագիր վիպակից, շատ տեղին հիշեցում անցյալ տասնամյակների ամենասկզբից: Պատասխանատվություն վերցրած մարդկանց խումբը ոտքի հանեց ժողովրդին, երկրաշարժի ավերակներին ավելացան նաև խորհրդային երկրի փլուզման հետևանքով անտերության մատնված տնտեսական ու մնացյալ արժեքների ավերակները:

Երեսունհինգ տարի է այս ամենի միջով ենք անցնում, ու վերջը չի երևում: Պատասխանատվությունն ահագնացել է, հազարավորների առաջ շատ մեծ պարտք է գոյացել, որի սկիզբը երեսունհինգ տարի առաջվա դրածն է: Աղմկարար ազատասերները հերոսական էին կոչում այն, բայց ինչի վերածեցինք, ու նրանց իսկ գլխավորությամբ, հավակնոտ անգետությամբ, տարօրինակ համարձակությամբ, արդյոք հասկանում ենք պարտքի գինը:

Երկու ենթավերնագիր, խմբագրելիս հարմար թվաց կիսվել ձեզ հետ:

Ամեն օր՝դեպի անհայտություն՝ հանուն հացի

Մեկ շաբաթ էր լուր չկար մեքենավարներից: Նման բան չէր եղել երբեք: Տնեցիների անհանգստացած զանգերին մոլորեցնող պատասխաններ էին տալիս: Մարդիկ գնացել են աշխատանքի, ու մեկ շաբաթ է տան երես չեն տեսել: Ո՞ւր են:

Թաքցնելն այլևս անիմաստ էր: Լուրը տարածվեց, բայց ոչ ոք չիմացավ մեկ շաբաթ դատարկ ու անպտուղ մնացած ճանապարհի գինը: Հացը թխում էին եղած հատիկավորների վերջին փշրանքներից: Մարդիկ փնթփնթում էին, թե հացթուխներն սկսել են շատ վատ աշխատել, անորակ հացով են լցրել խանութները: Օդում կախված հացի բունտը տեղի չէր ունենում միայն այն պատճառով, որ բոլորը վարժվել էին դժվարություններին դիմակայելու լուռումունջ ռեժիմին: Դժվարությունը ֆիզիկական գոյություն էր, որը կերպավորված էր երկար դարերի պարտությունների պատճառ թշնամու պարզ ու դեմ դիմաց կանգնած կոնկրետ անվան պատկերով: Հատուցման ժամի գիտակցումն էր պարուրել երկիրը, դիմանալն էլ հզոր հաղթանակ էր: Եվ մեծ ու մանուկ այդ դիմանալու ամենվայրկյան հաղթանակի բերկրանքում էին:

Թշնամին դեմ դիմաց էր հայտնվել: Նրան պետք էր հաղթել: Տարիներ հետո է ձևակերպվել դիմացկունության բերկրանքի ուղերձը: Այդ օրերին հացն անորակ էր,անհասկանալի համի, չգիտեին, որ ցորենին խառնվել էին նաև ամեն հատիկեղեն, ինչ որ մնացել էր որպես պահուստային վերջին քանակություն:

Չգիտեին նաև, որ մեքենավարներ են պատանդվել, ու թե ինչ է եղել նրանց հետ:

Մեկ շաբաթ է լռություն է սահմանին: Շտապ օգնության մեքենաներ են կայանած մի թաքուն անկյունում, մարդիկ չտեսնեն, տագնապ չառաջանա: Բժիշկները աչքը սահմանին, ականջները երկնքով սլացող անտեսանելի ալիքներին՝ վայրկյան առաջ են ուզում զգալ աննշանից ծայր առնող ձայնը: Ասել էին՝ գալիս են...

Բեռնափոխադրումների ծանրությունը աստիճանաբար տեղափոխվում է մյուս երկաթուղաելք ճանապարհ: Բայց այստեղ դեռ բեռներ կան առաքված: Պատուհասած երկրաշարժից տուժած երկրին աշխարհն օգնություն է ուղարկել այս ուղով, ու նրանք լցված են բոլոր փակուղիներում, ո՞վ գիտի ինչքան ու ի՞նչ կա իրենց մոտ պահված, որ արդեն իրենցով են արել ճանապարհի տերերը, քանդվող կայսրության տագնապներով են լի, հազար ու մի պակաս-պռատ ունեն, բա մի բան չպոկե՞ն, խելոք-խելոք ուղարկեն թշնամո՞ւն: Իհարկե, այդպես են մտածում: Երեկ բարեկամ, այսօր թշնամի, այն էլ ինչ թունդ թշնամի են տարածքների կռվում: Ո՞վ է տեսել օրենքով իրեն պատկանող թեկուզև մեկ մետր հողը հարևանին տան: Առաջ այն ձեր հայրենիքն է եղել, հիմա էլ մերն է, աշխարհն էլ դրա կողմն է, որովհետև հենց որ մեկին լավություն անի, հազար ու մեկը նույնը կպահանջի: Խորհուրդ տվողները հուշում են, նրանք էլ լեզուները երկարացրած՝ պոկ չեն գալիս, բաց չեն թողնում ուրիշից գողացած հայրենիքը: Օգնություններին էլ վերջ չկա, ինչեր ասես չեն բեռնել վագոններն ու ճանապարհել դեպի մի անհայտ երկիր, միայն լսել են՝ երկրաշարժ է, օգնել է պետք: Ի՞նչ տարբերություն, թե ով կտիրանա այդ ամենին: Վիշտն են նախանձում, շնորհավորում աղետը, վագոնները դատարկում, պատառոտված ու կեղտոտ հագուստ լցնում մեջն ու երջանկությամբ լի՝ ուղարկում սահմանից այն կողմ: Հափշտակում են ու իրենցով անում, ինչ պակաս օգնության կարոտ են նաև իրենք, ինչ է թե երկրաշարժ աղետ չունեն, սովա՞ծ չեն: Դրանց տեսեք, զենք են վերցրել ու դեռ համարձակվում են սահմանն անցնել ու գալ վագոններ պահանջել...Այդ վագոններում ինչ որ կա, երկար ճանապարհին ապրողներին նույնպես պետք է:

Իսկ ճանապարհին քաղցած ու փլվող կայսերապետության ավերակների տակ անտերուդուզ բազմադեմ հանրություն է: Ով զենքը ձեռքին հայտնվում ու հրամաններ է արձակում, տերը նա է: Իսկ երբ նրանք չկան, ամեն մեկն ինքն է իր որոշումների ու գործողությունների տերը: Գիտեն, որ ցորեն ու վառելիք ունեն տանելու, դրանց հետևից գալիս են, ծեծ ուտում ու քարշ տալիս, տանում վագոնները: Բայց ինչե~ր են մնում չտարված, թող ոչ էլ իմանան դրանց մասին: Ձայն չեն հանում, երկաթուղային բոլոր հեռու-մոտիկ փակուղիները լցրել են ամեն ինչով լեցուն վագոններով, աչքից հեռու՝ թաքցրել, հետո բաժան-բաժան կանեն: Ինչ ասես ուղարկել են խեղճերին, երկրաշարժն էլ նրանց խելքի չբերեց...Ահա այսպիսի խառը վիճակ՝ գլխավերևդ ազատ է, տերդ դու ես, ինչ ձեռքներդ ընկնում է՝ թռցրեք, տարեք, պահպհեք, հարմար պահ է:

Սահմանն ասես երկու մոլորակ էր միմյանցից բաժանում:

Անգործ նստած ու ականջը ակնկալվող ձայնին դեմ տված բժիշկները մտքներում էին տալիս-առնում, ասես լսում էին սահմանից այն կողմի գլխավոր քաղաքի հրապարակում խառնամբոխի ասված ու չասված հոխորտանքները: Բայց, գնացքի անիվների ավետաբեր չխկչխկոցին էին ականջալուր:

-Ձայնը,-հանկարծ իսկապես խուլ ձայն լսվեց: Բոլորը մեկեն ոտքի ելան, ձայնը հարազատ մեղեդիով մոտենում էր, անիվների համաչափ աղմուկը երկինք-երկիր պարուրող սիմֆոնիայի հնչեղությամբ էր ներըմբռնվում: Գնացք է գալիս: Մեքենավարներ են վերադառնում: Նրանք բոլորն արդեն քանի ամիս է իրենց հարազատ մարդիկ են դարձել: Բուժել են ծեծվածներին, նվաստացվածներին ամոքել են հոգեպես, ջարդվածներին նորոգել, ու ամեն օր սպասել վատին, ուրախացել վերադարձով:

Բոլորը դուրս թափվեցին ու վազեցին դեպի կայարանի առաջնագիծ: Ո՞վ էր տեղեկացրել լրագրողներին, նրանք նույնպես վազիվազ էին անում, ձայնագրիչները ձեռքներին պատրաստ պահած՝ որ դեմ տան առաջին իսկ պատահած վերադարձողին: Պտտվող լուրերը չարագուշակ էին, պատանդվածների համար վերևներից էին միջնորդել, չէր օգնել, սահմանի մյուս ծայրում էլ մերոնք էին պատանդել նրանց գնացքը, շատ խառը պատմություն, իսկական ամերիկյան կինո:

Հերթով հիվանդանում են ընկերները

Ամեն անգամ անցյալն ու ներկան այնպես են խառնվում իրար, որ սահմանն ես կորցնում, ու կծիկի թելը խրվում, անհետացնում է քանդող ծայրը: Թշնամուց ահուսարսափի մեջ չընկած ու ամեն օր իր երկրի բեռները տուն բերելու մեկնող մեքենավարների խումբը նոսրանում էր: Խումբն աշխատել է զույգերով, եռյակով, և սահմանն անցնելուց ու վերադառնալուց հետո նրանք նույնացել, ասես մեկ մարդու պատյանի մեջ են զգացել իրենց:

Բժիշկ որդու զանգը տակնուվրա արեց հիշողությունը: Մտածում ես՝ ահա, ժամանակը գլորվում է առաջ, նոր իրադարձություններ են հաջորդում մեկը մյուսին, անցյալը կմոռացվի, կանհետանա, կապրեն ու կոգևորվեն նորով, բայց, մեկ կայծ, ու՝ կրկին իրար է խառնվում մտքերի աշխարհը: Թե՝ այդ որտեղի՞ց են դուրս պրծնում մոռացված իրողությունները: Ճանապարհ է ընկել, տաքսի է նստել,հիվանդ ընկերոջ մոտ է շտապում, ու գլխում հստակ գրամեքենայի կտկտոց է լսում, նախադասություններ է գրում, որոնք ինքը տեսնում է թղթի վրա տպված...

«Երկու օր հանգիստ աշխատեցինք, հիշո՞ւմ ես, մի քանի անգամ ներս ու դուրս արեցինք, խանգարողներ չկային, հարյուրավոր վագոններ անցկացրինք սահմանով: Իրար փոխարինելով՝ կարգին գործ արեցինք, վերևներում գովել էին մեզ, պաշարները հուսալի էինք դարձրել: Հետո հերթական խումբը ուշացավ, էլի ուշացավ, ամբողջ օրը մնացինք սպասելով: Շտապ օգնության մեքենաներ կանչեցին, մենք էլ տուն գնալ չէինք կարողանում, սահմանին կանգնել, մնացել էինք: Ու մեկ էլ հանկարծ իրարանցում սկսվեց, լռության միջից վագոնների հեռավոր ձայնը լսվեց, հետո էլեկտրաքարշի սուլոցները ընդհատ-ընդհատ մեզ լուր էին ուղարկում: Տագնապ կար սուլոցներում: Շունչներս պահած՝ հայացքով գնացքի հայտնվելն էինք որոնում հորիզոնին ձուլված երկաթե գծերին: Հիշում ես, հաստատ, էլեկտրաքարշը սուլոցներով հայտնվեց, բժիշկներն շտապեցին դեպի կայարան, մենք էլ նրանց ետևից»:

Շատ դժվար օր էր հայտնվել հիշողության պահոցից: Գնացքի կանգ առնելուն պես՝ մեքենավարն ու օգնականն արագ իջեցրին երկրորդ մեքենավարին: Վիրակապված էր, թույլ, բժիշկները թևերն ընկան ու շտապ օգնության մեքենա հասցրին:

« Հիշո՞ւմ ես ինչ պատմեցին մեր ընկերները: Դա մեզ հետ էլ կարող էր պատահել, եթե այդ անգամ էլեկտրաքարշի ղեկին մեր խումբը լիներ:

Խառնամբոխը տեր ուներ: Աֆղանստան ներխուժած խորհրդային զորքերի կազմում կռված բժիշկ էր ինքնահռչակ վայրենի բորենին: Քանի օր է՝ կորած էր, հանգիստ աշխատել էր լինում: Հայտնվել էր՝ մի քանի օրվա խաղաղ հանդարտության դեմ նոր չարությամբ լի:

Հարցրել էր՝ քանի՞ երեխա ունեք: Մի տղա ուներ, չէ՞, մեքենավարի օգնական մեր ընկերը: Պատմում էր, թե, մտածում էի, թե որ շատ ասեմ, հարգանքի կարժանանամ: Գոնե ասեր՝ ոչ մի, ասում է՝ հինգ տղա ունեմ, ու բազմազավակ հռչակվելուն պես՝ գլխին ստացած հարվածներից գետին է տապալվում: Հինգ տղա՞, մեր դեմ բանա՞կ ես մեծացնում...ու խփում են ամենայն ատելությամբ լի եռանդով:

Հիշո՞ւմ ես մեր այն խելոք մեքենավարին, որին վերջերս հրաժեշտ տվեցինք, չհաղթահարեց ծանր հիվանդությունը, սուսուփուս հեռացավ աշխարհից: Հիշիր, որ հասկանաս, թե ինչերի միջով անցանք, ու հաղթողը մենք եղանք: Հիշո՞ւմ ես ինչ էին արել նրա հետ...»

Առանց դադարի՝ ինքնիրեն պատմում էր, իբր զրուցում էր հիվանդ ընկերոջ հետ: Բայց հիշողության հենց այդ պահի վրա կանգնեցրեց հետհաշվարկը: Արժե՞ր շարունակել, հիվանդին արդյոք պե՞տք էր հիշեցնել այդ ցավը, պե՞տք էր իր այդ քունջուպուճախն ընկնելը, հերոսանալը, մոռացությունից պեղել, դուրս հանելը: Այս ինչ սար ու ձոր ընկնել է, հիվանդատես ես գնո՞ւմ, թե վավերագրական կինոֆիլմի ցուցադրության են քեզ հրավիրել ու դեռ պետք է բոլորիդ հրավիրեն պատվավոր բեմահարթակ ու որոտընդոստ ծափահարությունների տարափով արցունքներ քամեն ձեր ցամաքած աչքերից: Ամոթ է, ամոթ: Այս մարդուն մի բարի հուշ պատմիր, ուրախացրու, ոգևորի: Աստված իմ, Աֆղանստանի վայրենի պատերազմի՞ց էր բերել այդ չարությունը, իր հետ այդ ինչե՞ր էին արել այնտեղ, որ այլանդակվել էր մարդ արարածի ուղեղը: Ինքն էլ իբր բժիշկ էր է~, հիմարը: Ամբոխի ներկայությամբ առաջնորդի խաղը ի~նչ սյուժեներ կարող է մոգոնել, ու գետնատարած անել, նույնիսկ հողին ոչ արժանի դարձնել մարդ կոչվածին:

«Եվ դու դա պիտի հիշեցնեի՞ր..., անուժ պառկած ընկերոջդ պիտի ետ տանեիր դեպի այդ տարաբախտ օրվա սարսափնե՞րը...Ամոթ, հազար ամոթ քեզ:»

Տաքսու վարորդը երիտասարդ էր, տեսնես ինչ որ բան գիտի՞ անցած օրերից...

Ի~նչ արագ է մոռացվում անցյալը: Իսկ այդ անցյալն իրենց համար ավելի է ներկա, քան իրական օրերի սահուն ընթացքով ներկան, որ ի՞նչ է հիշեցնելու այս ջահելներին ապագա մի օր հետահայաց անելիս: Սիրտը ծուլ եղավ, այս ինչե~ր է մտքով անցնում, թող որ անդարձ անցյալում մնան անցյալները, ներկան ու ապագան մեր երեխաներինն է, հետ եմ վերցնում մտքերս...Վախեցած հայացքը հառեց վերև, երկինքն էր ուզում տեսնել, վարորդին անհանգիստ դարձրեց:

-Ի՞նչ պատահեց, հորեղբայր, վա՞տ եք զգում ձեզ, պետք է՞ հիվանդանոց տանեմ, շատ ծանր եք շնչում:

-Ընկերս է հիվանդ, վատ է, շատ վատ: Անցյալի վերքերը բուժել չի լինում:

-Պատերազմի՞ վերքեր են: -Երիտասարդը մի պահ ոնց որ թե նույնիսկ շփոթվեց:- Հայրս էլ նույն վիճակում է: Կռված սերունդ եք...Մարմնում դեռ փամփուշտի մնացուկներ կան, չի դիմում բժշկի, պատկերացնո՞ւմ եք՝ պարծենում է, չենք հասկանում նրան, ասում է՝ իմ կենսագրությունն են: Իրար գրկած իրար հետ ապրում են, հետաքրքիր է: Պատերազմը մոռանալ է պետք, իսկ նա ամեն օր այդ պատերազմի մեջ է: Ասսում ենք՝ մի բան պատմիր, չէ, ոչինչ չի պատմում, բայց, գիտեք, ընկերներ ունի, որոնց հետ ասես առանձին մոլորակում են: Հենց հանդիպում են՝ ուրիշ մարդ են դառնում, հատուկ նստել, ուսումնասիրել եմ: Պատերազմից խոսելիս էլ զվարճալի պատմություններ են հիշում ու կչկչում երեխայի պես:

-Տղաս, իսկ դու ի՞նչ ես հիշում այդ օրերից, ծնված էի՞ր:

-Հա, բա ոնց, չորս տարեկան էի, հայրս գնաց կռիվ, դրանից շատ բան չէի հասկանում: Բայց չեմ մոռանում հացի հերթերը, ինձ էին ուղարկում հերթ պահելու: Հիշում եմ, թե ինչպես էինք ուրախ գոռգոռոցը գցում բակով մեկ, երբ լույսը տալու հերթը հասնում էր մեզ: Ոնց էինք գոռում, թռվռում, ու տուն վազում հեռուստացույց նայելու:

-Ուրեմն, հացի հերթերը չես մոռացել:

-Չէ, մոռանալ չի լինի, հիշում եմ, որ մի տեսակ խեղճ էի ինձ զգում, իսկ լույսը տալուց հետո գոռգոռալը ուրախություն էր:

Մի պահ լռեց.

-Երբ հայրս վերադարձավ պատերազմից, մի քիչ մեծացել էի: Հիշում եմ, մերոնք հյուրասիրության սեղան էին գցել, ես նրա կողքից չէի հեռանում, ինքն էլ շարունակ ինձ իր պինդ ձեռքերով թիկունքս փաթաթած էր դեսուդեն գնում, ու երբ բաժակ բարձրացրեց, ինչ ասի, որ լավ լինի:

-Գիտեմ, թե ինչ էր ասելու. Ասելու էր, որ դու էլ, մայրդ էլ, բոլոր կանայք, երեխաները, ծերերը, բոլորը իրենց հետ հավասար կռվել ու հաղթել են թշնամուն:

Տղան մեքենան մոտեցրեց մայթին ու արգելակեց:

-Դուք ճանաչո՞ւմ եք հորս: Կարո՞ղ է դուք էլ նրա ընկերներից եք:

-Չէ, տղաս, չեմ ճանաչում, բայց իմացիր, որ այդ օրերին մենք բոլորս մեկ մարդ էինք: Ինչ մտածում էինք, ինչ անում էինք՝ միանման էր ստացվում: Ափսոս, որ կարճ տևեց դա, հայրդ կռվից վերադարձավ ու գտա՞վ իր տեղը:

Տղան սուզվեց մտքերի մեջ: Մեքենայի պահոցը բացեց, փոքր թղթիկ հանեց, տվեց ուղևորին:

-Հորս այցեքարտն է, ես եմ պատրաստել, երբ պատերազմի մասնակից ուղևոր եմ ունենում, և նա ինձ դուր է գալիս, խնդրում եմ զանգահարել, կապ հաստատել հորս հետ: Դուք այնքան բան եք ձեռք բերել, այնքան բան եք կորցրել, մենք ձեզ չենք հասկանում, դուք իրար պետք եք:

Լուսյա Մեհրաբյան

/հատված անավարտ ու անվերնագիր վիպակից/
Made on
Tilda