Հայերեն

Քանի՞ անգամ նույն ճանապարհով

Խոհագրություն ժանրը լրագրության ու գեղարվեստականի մեջտեղում է ու շատ հետաքրքիր աշխատանքի է տրամադրում: "Քանի՞ անգամ նույն ճանապարհով" խոհագրություն-էսսեի երկրորդ մշակման ճանապարհն եմ անցնում, ու ահա, այս հատվածը նույնպես ներկայանալի թվաց ներկա օրերի մտորումների համար: Գրքի թեման Արցախյան շարժման 35-ամյակին այդքան ժամանակ անց հետահայացն է: Թվում էր ասելիքը մի փոքր գրքույկի չափ կլինի, սակայն գրելիս ինքնաբուխ վերնագրեր էին ծնվում ու խոսել հրահրում: Հարյուրից անցել են այդ խոսել պարտադրող վերնագրերը, ու բացահայտումները հաճելի ու անակնկալներով լի էին:

56. Երբ կարդում ես վավերագրությունը...

Այսօր ամեն ինչ Էպիկական է երևում, շատ է նման մեր էպոսին, երբ հանգիստ կարդում կամ լսում ես անցած այդ պաթետիկ ժամանակների զուտ մարդկային պատումները: Սովորական մարդկանց միջից դուրս հորդացին անցյալը, ցավը, վրեժը, կորցրածի հանդեպ անամոք վիրավորանքը, մարդկային ողբերգությունների, կորուստների համար պատժելու թաքնված սպասումը:

Եվ Սասունցի Դավթի նման ոտքի կանգնեցին ու սկսեցին գործել՝ ոչինչ չհաշվարկելով: Եթե հաշվարկեին՝ կրկին նահանջելու էին և հետաձգելու բաղձալի պահի սպասումը: Հնարավոր է՝ վերջնականապես կորցնեինք թե՛ հույսը, թե՛ վերադարձի հնարավորությունը: Արագություն էր պարտադրում համընթաց քամին...

Արցախը վերադարձնելուն պատրաստ լինելը դեռևս կամայական, վարչական ապօրինությամբ այն օտարին բաշխելու օրը ստորագրությունը հիմարաբար դնելու պահից է եղել: Հիմա կարդում ենք, որ քվեարկության վճռորոշ ձայնը պատկանել է ոմն հայի: Ազգանունը հայտնի է, դրված է Արցախը Ադրբեջանին հանձնելու ստոր փաստաթղթի տակ, բայց մեզ համար նա թող ՈՄՆ լինի:

Եթե այստեղ մի քիչ դադար տանք, որպեսզի շունչ քաշենք այս չարագործի արարքից պատած հուզմունքից, ապա հնարավոր է շատ ավելի հեռավոր ժամանակներ մեզ տանի մեր միտքը և մի շատ լուրջ խնդիր ձևակերպի ու դնի մեր առջև: Շարունակ կրկնվող, մեր հաղթանակների փառքը ոտնատակ տվող, երկիրն ու ժողովրդին ահավոր կորուստների միջով անցկացրած շատ լուրջ խնդիր:

Ձևակերպումն ընդամենը մեկ բառ է՝ դավաճանություն:

Սեփական անձի պաշտամունքի դափնիների տենչանքը միշտ մի շատ կարևոր Մեկի տարել է երկրի թշնամու դուռը և սեփական օրինական Արքայի վրա թշնամական զորք բերել: Սեփական հայրենակցի, երկրի, նրա զավակների վրա թշնամու հաղթանակը բերել...Առ այսօր: Սա ի՞նչ է:

Կվերանա՞ այդ մատնիչ ինքնահիացողը մեր շարքերից, եթե համայն հայության հրապարակներից մեկում Դավաճանի հուշարձան դնենք ու անուն առ անուն դաջենք նրանց արարքի հետևանքները երկրի հետագայի վրա, և այն պարտադիր այցերի վայր դարձնենք դպրոցականների ու տուրիստների համար: Նրանց պետք է ոչ միայն անվանապես ճանաչել, այլև դավաճանությանը հաջորդած կործանարար հետևանքներից տեղյակ լինել: Բավ է այլևս այս հույժ վտանգավոր արարքները պատմավեպերի ու պատմության լղարիկ հատվածների բաժին թողնելը: Այն իրականություն է, իրական էլ պիտի լինի պատասխան հարվածը:

Բոլշևիկյան ժամանակների մատնագրերի ու բռնությունների վրայով անցնենք ու կրկին հասնենք Արցախի խնդրի լուծման համար նպաստավոր պահի օրերին:

Էպիկական է նաև բանակի ձևավորումը՝ խաղաղ կյանքից պատերազմի դաշտ մեկնելու հախուռն որոշումները: Այնքան միասնական ու ձևակերպված էր թուրքի դեմ դուրս գալու վճռականությունը, որ համարյա թե ոչնչից սկսելով, զինավորվելով հընթացս, համախմբվելով, օտարների օժանդակությունը նույնիսկ ունեցող ու լավ զինված հակառակորդին հաղթեց հայոց ինքնակազմակերպվող բանակը: Ճիշտ որ՝ Սարդարապատի նման հերոսամարտ ստացվեց՝ այս անգամ արևելքում, ուժեղացած Հայաստանը ունենալով թիկունքում, և ոչ թե փրկվելու, այլ ազատագրելու գողացված մի կտորը:

Իսկական էպիկական Սասունցի Դավիթներ, որոնք եթե կռիվ են գնում, վերադաոնում են հաղթանակած:

Էպոսի Սասունցի Դավիթը նաև այնպիսի ճակատագրական սխալներ է թույլ տալիս, որի կրկնությունները հավերժական ուղեկիցներ են դարձել ժողովրդի հետ դարերի միջով համընթաց անցնող:

Այդ հիրավի մեծարված, շատ սիրելի քաջ տղան միամիտ է, նույնիսկ կասեի՝ դմբո, և իր բնատուր քաջությունը, ուժը, իրեն ժառանգված զորություններին՝ Թուր Կեծակիին, Քուռկիկ Ջալալիին, տիրապետում է միայն, երբ ավագների հորդորն ու կշտամբանքն է ստանում: Նրան անընդհատ հուշում են իր անելիքը: Էպոսում հուշողները իր արյունակից ավագներն են, հոր փառքի հանդեպ ակնածող մեծերը: Իսկ ի՞նչ է անում ինքնուրույն, իր սեփական խելքով: Ինչո՞ւ է այդչափ դաժան էպոսապատումը այդ շատ սիրելի հերոսի հանդեպ: Ամբողջական սիրո զգացումներին արժանի այդ քաջ, ազնիվ, բարի, վատի հանդեպ անմնացորդ դաժան Դավիթը կործարար ծուղակներն է ընկնում հենց նույն իր բարության, առանց հուշումի՝ թացն ու չորը չտարբերելու միամտության, սեփական ժառանգի համար օտար արյուն կրող մայր ընտրելու դավաճանական անխոհեմության պատճառով: Ինչքան շատ է տրված քեզ, այնքան շատ էլ պահանջվում է քեզնից: Ճշմարտությունը սա է: Տվածուրիկը պետք է անվերապահորեն գործի դնել, դանդաղելը, անհավեսությունը,անփույթ շռայլելը կարող է քեզ հերոսի հակառակի վերածել:

Տեղի՞ն էր երեսունհինգ տարի առաջ եղածի մասին խոսելիս էպոսի Սասունցի Դավթին հիշելը:

Ավելի քան: Մեր որոնումների ճանապարհին նորից հանդիպեցինք սիրելի հերոսին: Ի՞նչ մտորումների մեջ է նա մեզ գցում` ներկայում վերստին կանգնելով ճանապարհի մեջտեղում:

Դպրոցական դասագրքում սիրելի հերոսը երեխաներին սիրելի է դառնում շնորհիվ Հովհաննես Թումանյանի մշակած փառավոր հերոսական մի փոքր հատվածի ուսուցման: Այս հաղթական միջադեպում ամբողջությամբ երևում են Դավթի բնավորության ու առաքելության բոլոր շերտերը: Ի՞նչ էր պետք անել Մելիքին հաղթած քաջ հերոսի վերադարձին: Չէ որ նա հաղթել էր համարյա թե ինքնաբերաբար, իր բնատուր ուժի և իր առջև դրված խնդիրը հաջողությամբ կատարելու բացարձակ իրավունքի ուժով: Նրան հուշել էին իր անելիքը, և նա իր ժառանգած օժտվածությամբ հաղթեց մարտում: Հետո՞ ինչ պիտի աներ: Նորից էր պետք հուշել, էլի ու էլի՝ նորից...

Նրան պետք է շատ բան սովորեցնեին, կրթեին, հասկացնեին, որ միամիտ քաջը չի կարող երկար պահել իր հույսին մնացած երկրի ապահովությունը, եթե չի տիրապետում երկրապահ առաջնորդին անհրաժեշտ գիտելիքներին: Սովորեցնողներն էին թերացել, որ ամեն անգամ հուշելու էին վարժեցրել նրան, ով Տեր պիտի լիներ երկրի ու ժողովուրդների իրավունքներին: Նեղսրտած փնթփնթալով՝ անելիքն էին գլխի գցում, խեղճ միամիտին այդպես էլ արժանավոր գիտելիքից անգետ թողնելով:

Գուցե սա՞ է ուղերձը, որ հասել է մեզ, ու մենք ամեն պարապ ժամի կրթությունից ենք խոսում, սակայն մեծադղորդ խոսելուց հետո՝ այն ավելի նվաստացնելով բովանդակությունը մաղել-մաշեցնելով, գնահատականը գումարի վերածելով, դիպլոմը ցուցադրական ձեռքբերում սրան-նրան ցույց տալով: Սասունցի Դավիթ հսկա ամենակարող բնատուր օրհնված զորեղին գիտելիքի կցկտուր փնթփնթսցներ են տալիս երկրի այն ժամանակվա հավանական պաշտոնյա պատասխանատուները:

Մենք սա հասկացե՞լ էինք, մեր սիրելի հերոսի հանդեպ ի~նչ դավաճանություն, հզորին անգետացնել ու թշնամու ձեռքը գցել...նրա հետ արդյոք դա՞ չի տեղի ունենում:

Էպիկական կերպարներից եկող ուղերձները մաթեմատիկայի անհայտներով հավասարումներ լինեն ասես: Դե հիմա գանք հասնենք մեր 1988-ին: Մի՞թե սասունցի դավիթներ չէինք բոլորս: Մինչև այն պահը, երբ ռազմի դաշտում, թե թիկունքում զինվոր դարձած՝ գիտեինք, որ անհնար է, որ չհաղթեինք, Մսրա Մելիքին հաղթած հերոսն էինք: Բայց հետո ի՞նչ եղավ: Ահա այստեղ կանգ է առնում պատմական Պահը որսալու արդարացումը: Հրադադարը ստորագրողները հենց գրիչը թղթին հանձնելու պահին հաղթած Սասունցի Դավթին վերածում են միամիտ, բարի, հետո նաև կյանքի վայելքներին գերի, օտարահաճո, անխելք, անմիտ հակահերոսի: Ո՞ւր էին ուսուցիչներն իրենց ուսուցանած գիտելիքներով, խորհրդատուները, քննարկումները, հարցը վերջնական լուծելու կռվանները մեջբերող գիտունները: Ի՞նչ պատրաստվածությամբ են այդ ստորագրողները վերաբերվել պատմական պահը լիարժեք տիրապետած ժողովրդի հաղթանակի ամրագրման վերջնագիրը կնքելու հնարավորությանը: Փոխվե՞լ էին, թե՞ սովորեցնողների կարիքը չունեի՞ն, թե՞ այդպիսիք չկային, որ նստեին, քննարկեին, խելք- խելքի տային: Ստացվում է այնպես, որ անհամբեր էին, թե երբ պիտի հաղթողի դափնիներով ամրապնդվեին հայոց պատմության էջերում: Եվ վերջ, կեցցե վայելքը, կեցցե «ես ամեն ինչ գիտեմ»-ը: Իսկ գուցե ընդամենը կրկին մեջտեղ են եկել աշխարհակառավարիչնե՞րը...Այդ նրա՛նք պիտի լինեն բոլոր իրավիճակների վերջնական հաղթողները: Իսկ այստեղ նավթ կա, և այն մեծ տերեր ունի...Եվ այստեղ մի պետություն է կարգված նավթի գլխին, որ հատուկ այդ մեծ տերերի ձեռամբ ստեղծված օազիս է նավթալիքը ու նավթափող...Կառավարիչն էլ երես տված տռզած մեկը...Թող հայտնվեին, միշտ էլ հայտնվում են, բայց չեն հաղթում, եթե դիմացը կանգնած հերոսը պատրաստ սպասում է նրանց ու գիտի մենամարտելու հնարքներն ու վստահում է իր ուժերին: Ինչպես Մելիքի դիմաց կանգնած Դավիթը մեկ հարվածով երկու կես է անում խորը փոսում պահ մտած հակառակորդին: Ասել էին, որ երկրի թշնամին է, տվել էին հաղթելու զենքերը, նա էլ գնաց ու հաղթեց: Հետոների համար Խե՞լք սովորեցրին միամիտ քաջին: Կրթությունը նույն ինքը զենքն է, որի մասին Փոքր Մհերն է ստիպում մտածել:

Ինչ էլ անուններ են դրել էպոսի մեծերին՝ Ձենով Օհան, Ցռան Վերգո....Իհարկե, բոլորը կցանկանան Ձենով Օհան լինել: Եվ սկսվեց, փոխանակ սովորելու, թե ինչ է նշանակում անկախ պետություն կառավարելը, դեռ ավերակների տակ հայտնված երկրի կողքին էլ ևս մեկ ավերակ վրադիր՝ ինչպե՞ս համախմբել նախորդ հասարակարգից ժառանգած գիտելիքները, սկսեցին իրարից հեռանալ, քաշքշել, առանձնանալ, նույնիսկ թշնամանալ հաղթանակած երկրի ներսում, միմյանց դեմ, ովքե՞ր՝ երեկվա այն համախոհները, որոնք իդեալ էին դարձել ժողովրդի համար և անմռունչ գնացել էին նրանց հետևից ու դիմացել հազար ու մի դժվարությունների:

Հերոսները վերածվեցին հակահերոսների, ու երեսուն և ավելի տարի շարունակ դեռ հայտնվում են ու անհայտանում, հայտնվում ու հոգնեցրել են իրենց անպտուղ հավակնություններով: Չեն հասկացել սխալները, և զարմանում են, որ նժույգից իջեցված վիճակում են հայտնվել: Եվ էպոսից բխող այլ սխալներ նույնպես կարելի է թվարկել, չշարունակենք: Դավիթն առաջնորդ պիտի դառնար, նրան առաջնորդի գիտելիք տվողները կամ չկային, կամ թե՝ մեծամտաբար՝ միամիտ տղային ձեռք առնելով էին զբաղված: Չես սովորեցնում, գիտելիք չես տալիս, ումի՞ց ի՞նչ ես պահանջում, էպոսի տեր այ ժողովուրդ...

Հայ ժողովրդի էպոսի թաքնագրերը վերլուծել շատերն են փորձել: Կարծես թե բոլորն էլ ճշմարիտ մեկնաբանություններ են տալիս: Սակայն, երբ խնդիրը տեղավորում ես կոնկրետ իրողության մեջ, բացահայտումներն իրենք իրենց են հառնում, իհարկե, եթե միտքդ աշխատեցնում ես այդ համադրության ուղղությամբ:

Հիմա, միտքս ակամա մեկտեղեց այս երևույթները, և համոզիչ թվաց եզրակացությունը:

Լուսյա Մեհրաբյան, "Քանի՞ անգամ նույն ճանապարհով"

Made on
Tilda