Հայերեն

Քանի՞ անգամ նույն ճանապարհով

Վերնագիրը պարտադրել է խոհագրություն էսսեում քննվող նյութը: Ճանապարհների թնջուկից դուրս գալու ուղին հաստատ կա, սա նման է հեքիաթի հերոսի դիմաց հառնած երեք ճանապարհներին: Քանի՞սն են հառնել մեր առաջ: Գուցե հենց հեքիաթային պարտադիր այդ երե՞քը: Եվ այդ եռյակի շղթայում թաքնված ցոլցլուն պատասխանը հայոց բազմազանության հարստությա՞ն գտնելիքն է:

Ղեկավարները

Հայության բազմաշերտային դիմապատկերը նաև պարզորոշ արտացոլված է մեր պատմության համար կիզակետային դարձած անկախության շարժման ու հայոց պետության գլխին կանգնած անհատների կերպարներում: Ի՞նչ միջավայրում են նրանք հասակ առել, արմատներով որտեղի՞ց են սերում, ի՞նչ կրթություն են ստացել, որտե՞ղ են աշխատել, ի՞նչ ձեռքբերումներ ունեն, ովքե՞ր են նրանց շրջապատը: Խորանալով դեպի այս հարցի օատասխանի արմատները՝ ևս մեկ հարց է ինքնին առաջ գալիս, թե արդյոք այդքան տարբեր միջավայրերից եկած անհատները երաշխիք ունեի՞ն միասնական լինելու: Այո, եթե միայն հասկանային, և շարունակեին հարգել իրենց բազմազանությունը: Որովհետև նրանք նույնն էին, բայց շատ տարբեր էին իրենց հասունացրած միջավայրով: Մարդու կենսագրությունը նրա թիկունքն է: Ահռելի է տարբերությունը հայ մարդկանց կենսագրություն-թիկունքի համեմատական քարտեզում:
Եվ կարծես թե ստացվում է այնպես, որ այս հանգամանքը հաշվի չառնելը հայության համար համարյա թե թիվ մեկ խնդիրներից է դառնում: Իրադարձությունների հավաքական կիզակետում դա ցցուն արտահայտված պատկեր է դառնում: Օրինակ, երբ մեզ համար անսովոր անկախության պայմաններում, առանց ամենավերևի պարտադրանքի ու թելադրանքի, առանց նրա արդեն յոթ տասնամյակ վարժեցրած կանոնների, պիտի բարձրագույն ղեկավարության կազմի համար թեկնածուներ առաջադրվեն: Որքան էլ մարդը ուղն ու ծուծով թաթախված հայրենասեր լինի, պետք էր հասկանալ, որ այս շերտերի բացահայտումը կարևոր հարցերից է:
Հայրենադարձ ընտանիքի զավակի միջավայրը ակունքներ ունի: Մոսկովյան գլխավոր կրթական միջավայրերում գտնվելը նշանակություն ունի: Հեռավոր արտերկրում գոյության պայքարով դիմակայած ընտանիքի զավակը մեկ այլ բնութագրերի կրողն է, ամեն մի երկրում յուրահատուկ դրսևորմամբ, երևի թե: Ընտանեկան միջավայրի բաղադրիչները արմատական կարևորության են: Երբ հետահայացով անդրադառնում ենք այս հարցին ու փնտրտուքներում բազմաթիվ անհասկանալի թնջուկների զարմանալի պատասխաններ հայտնաբերում, ապագայի համար դրանց լուրջ վերաբերվելը իսկապես կարևորվում է: Հարցը ուշադրության արժանի է համապատասխան օրենսդրական, ընտրական, կառավարչական ատյանների համար, և մեր խնդիրը չէ բացահայտումներ անելն ու գրքում տեղադրելը: Խնդիր ենք դրել հասկանալու, թե ինչո՞ւ նույնիսկ համախմբված թիմը երկար կյանք չի ունենում համերաշխ նպատակասլաց աշխատանքում: Ի՞նչն է քայքայում միասնությունը: Գուցե իսկապե՞ս տարածքային մտածողության անջրպետն է այդ տարօրինակ հակառակորդը: Տեղական պատվախնդրության հպարտ ինքնահաստատվելը այլոց կողքին: Եթե նա մյուսներին «այլոց» է ընկալում:
Բարձրացվող խնդիրը բարձրագույն ղեկավարների ընտրության ժամանակ միջավայրը, որտեղ կայացել են մարդիկ, հաշվի առնելն է: Հայության համար դրանք ոչ թե բացասական լինելու առնչությամբ են կարևոր, այլ պաշտոնի համար վտանգավոր առանձնահատուկ կարծրատիպի և գործընկերների հետ անհամատեղելի տարբերության հատկանիշով: Հայ մարդը բարդ երևույթ է իր կենսագրության բազմապատիկ առանձնահատկություններով: Գերագույն կարևորության խնդիրների առջև կանգնելու դեպքում ճիշտ որոշում կայացնելու հնարավոր խոչընդոտը կարող է այդ պարզ, թվացյալ սովորական, աննկատելի հետաքրքրություն ներկայացնող միջավայրն ու արմատները լինեն: Խանգարեն նույնիսկ ամենաուսյալին, ամենահամարձակին, ամենահայրենասերին, ամենագիտունին: Ներդաշնության խնդիրը այս դեպքում ներառում է տարատեսակ միջավայրային մտածելակերպերը, ամրացած կարծրատիպերը, մեկը մյուսին մերժելու ինքնատիրությունը: Ազգության նույնությունը չի փրկում միջավայրային տարատեսակության պայմաններում ձևավորված դիմադրողականության կոշտ ամրությունները խրամատների չվերածելուց: Եվ, արագորեն, արյունակիցը վերածվում է վտանգավոր հակադրվողի: Յուրաքանչյուրն իր միջավայրային կարծատիպերի հաղթանակն է առաջ տանում: Պաշտոն ստացողն էլ իր տարածքային հայրենակցին է հարազատ ու վստահելի տեսնում իր կողքին:
Ինչպե՞ս դուրս գալ այս ոչ միայն զուտ հայկական իրավիճակից, ինչպե՞ս կարողանալ համախմբել հայկական տաղանդի բազմակերպությունը: Շատագիտունության հետ խառնված բազմապետականության մտածողության, հոգեբանության, սեփականը ընդհանուրի հետ ներդաշնակեցնելու անկարողության ներկա միջավայրի ներքին հզոր ռեսուրսը ինչպե՞ս կազմակերպված ծառայեցնել մայր հայրենիքի խնդիրների լուծմանը:
Եվ մի՞թե նմանօրինակ իրավիճակները չեն եղել իշխանական տարաձայնությունների պատճառները, կենտրոնական իշխանությանը հակադրվելու ավանդույթ կա՞ արմատակալած հենց այդ անհանդուրժող հոգեբանական տարանջատվածության սովորույթից: Սա նաև հարստություն է, եթե կառավարվի որպես բազմազանության հարստության շտեմարան-ազգային դիմապատկեր:
«Ի՞նչ անել» հարցը պե՞տք է դնել, թե ոչ: Եթե դնում ենք, ուրեմն ընդունում ենք խնդրի գոյությունը: Եթե ընդունում ենք խնդրի գոյությունը՝ եկեք դիտարկենք այն Հարստության տեսանկյունից: Հայության ներկա ժամանակների բազմազանությունը նրա համար գերկարևոր հարստություն է: Որովհետև այն Բովանդակություն է բազմազանության համախումբ ամբողջությամբ:
Կադրային հավաքականության մեջ այս հարստությունը վտանգ դառնալու սահմանը հաշվի առնելը եթե քննարկվի որպես առաջնահերթություն, որպես հնարավորությունների պաշար, բազմակերպարային ներուժ, և, կիրառվի հակառակ բևեռը, այսինքն, այդ բացառիկ շքեղ հավաքականության մեջ ներառվի ամենատարբեր հայկական միջավայրերի մասնագիտական ռեսուրսը և համախմբված ու ներդաշնակ միջավայրի պայմանը դրվի նրանց առաջ՝ հնարավոր է դիմադրողականության համախտանիշը նահանջի, և առաջ գա խնդիրների ու լուծումների, ելքերի որոնման ընդհանրական ընկալումը: Մենք արդյոք ընկալո՞ւմ ենք, որ մեզանում կա՛ այս յուրահատկությունը: Ցրոնքը դեպի Հայրենիքի ուղղությամբ շրջելու պահանջը, չզարմանաք, ներառում է նաև հայրենիքի տարբեր տարածաշրջանների բնական առանձնահատուկ բազմազանությանը միավորելու անհրաժեշտությունը: Այս հարստությունը լիուլի հնարավորությունների ներուժ է, եթե միայն մենք արձանագրում ենք այն որպես հրաշալի բովանդակությամբ լի ռեսուրս:
Ցավոք, հակառակն անելու օրինակն առավել տարածված է: Ցավոք, դեռևս չենք նկատում դրա կործանարար վտանգավոր լինելը: Հարստությունը փոխակերպվում է աղետալի վտանգի, հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, երբ տարօրինակ անմտությամբ աննկատ ես թողնում հզոր զենքերդ: Երբ չես գիտակցում, որ նույնիսկ այդ հարստության տիրապետման մեխանիզմը ամրագրել է պետք կանոնակարգելով, նշելով, շեշտելով, որ տարածքային առանձնահատկությունները միասնության մեջ են ամրացնում պետությունը: Եղեք տարբեր, և գտեք տարբերությունները միասնացնելու զորեղ բանալին: Ինքնահոսի թողնելը հարստությունը չի տեսնի որպես այդպիսին: Թե չէ՝ բանը հասել է բակերով տարանջատվելու ցածրանիշին:
Եվ՝ ոչ մի դեպքում չփնովել ոչ պետությանը, ոչ անհատներին: Պետությունն ինքը երիտասարդ կառույց է, և, անշուշտ, ինքն իր շնորհալի զավակներից սովորելու կարիքն ունի: Սա այն եզակի իրողություններից է, երբ հասուն հանրությունը, որ մոլորակի տարբեր ծագերում կարողացել է կայացնել իր տաղանդները, պիտի կարողանա գրել այն դասագիրքը, որով պետությունը պիտի սովորի պետություն կայացնելու հմտություններն ու արվեստը: Երկիրը վերջապես պիտի գտնի այդ համահայկական ներուժը գիտականորեն մշակված ու որպես առաջնորդություն բոլորիս առջև դրված մեխանիզմի վերածելու ձևը: Առայժմ՝ իրար քննադատելու մշակույթն անգամ բացակայում է, ամեն մեկ անհատի է բաժանված հանրությունը, և նույնիսկ ճշմարիտ ասված խոսքում թույն ու հուսահատություն է ներարկվում, իբրև թե դեպի արդարության հաղթանակի ընտրյալ ճանապարհ: Բազմազանությունն ինքը հավաքականության զորություն ունի, բայց մեկականացված բազմազանությունը ցրիվ տված փոշեհատիկների վերածվելու ճանապարհն է:
Ո՞ր ճանապարհներն են մեզ դեպի հաղթանակ տարել: Դրանք եզակի են, խառնվել ու խճճվել են հազար ու մեկ հակառակներին, ահա, թե ինչու՝ նկատելը դժվար է: Չենք տեսնում նույնիսկ, երբ հազար ու մեկ անգամ նույն պատգամները կարդում ու ուսուցանում ենք ամեն հաջորդ սերնդին: Մեր աչքերն ուղղակի սահում են տեքստի վրայով: Հոգնած աչքերը...Պատահել է, չէ՞, որ հոգնած աչքերի ծանրությունից մթնում է ընկալումն ու ուղեղը երազային վիճակից արտաբերում է տարօրինակ բառեր...Մինչև որ հեքիաթը անգիր իմացող երեխան կանգնեցնում է քեզ, ու հուշում, որ տեքստում այդպիսի բան չկա գրված...Երեխան ասում է այն, ինչ գրված է, նա անգիր գիտի դա...
Գուցե նրա՞ն հարցնենք: Նրա մաքրամաքուր զգացողությանն ապավինենք: Մտնենք դպրոցների առաջին դասարաններ ու երեխաներին խնդրենք մեզ դուրս բերել հոգնածության թմբիրից: Նրանք հաստատ գիտեն ճիշտ շարունակությունը: Առանց կատակի...
Made on
Tilda